Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Քաղաքականություն / Հայաստան
10:09, 17 октябрь 2021
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին կամ դաշինքներին, քաղաքական ուժը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն և 3 դաշինք` «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն:

Դիլիջանում առաջադրվել է 5 կուսակցություն` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք», «Հանրապետություն»:

Սյունիքում` Գորիսում, ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» և Հայ ազգային կոնգրեսը:

Մեղրիում «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններն են ընտրապայքարի մեջ մտել:

Տեղ համայնքում առաջադրվել են «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Տաթևում պայքարում են «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Շանթ» կուսակցությունները:

Մյուս երեք համայնքներում` Շամիրամ (Արագածոտնի մարզ), Ֆերիկ (Արմավիրի մարզ), Ֆիոլետովո (Լոռու մարզ) ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվը չի անցնում 4 հազարը:

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը, բոլոր տեղամասերում տպվել են տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունել են առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 15 զանգվածային լրատվության միջոցներ։

          Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am :