Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Քաղաքականություն
22:22, 17 декабрь 2021
2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Հանրապետության Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

«Հայ-ռումինական բարեկամությունը խոր պատմական արմատներ ունի, և պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ 1991 թ. դեկտեմբերի 17-ին: Ավելին` խորհրդարանական մակարդակով համագործակցությունը մեր պետությունների միջև սկսվել էր ավելի վաղ, երբ Ռումինիայի խորհրդարանի դիտորդները ներկա էին Հայաստանի անկախության 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին:

Հենց սկզբից մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկը եղել է խորհրդարանական հարթությունը: Երեք տասնամյակի ընթացքում Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական բարեկամության խմբերը խորացրել և ընդլայնել են երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են միջխորհրդարանական կապերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը և այլն:

Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որը 2018 թ. վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրոպական տարբեր հարթակներում համագործակցությունը հայ-ռումինական խորհրդարանական գործընկերության հիմնական տարրերից է:

Մենք վերահաստատում ենք 2021 թ. ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերական լսումների կարևորությունը և բարձր ենք գնահատում ռումինացի խորհրդարանականների հայտարարությունները Ռումինիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին:

Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և հավատարիմ ենք մեր պարտավորություններին` կատարելու եվրոպական հեղինակավոր կառույցների որոշումները՝ համապարփակ միջազգային աշխարհակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով, խթանելով կայուն զարգացումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Եվրոպայում ու եվրոպական հարևանության երկրներում:

Մենք նաև հավատարիմ ենք մեր երկրների կառուցողական և ներառական երկխոսությանն ու կշարունակենք աշխատել միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ շոշափելի օգուտ բերելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակով; Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը ներկա գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, այդ թվում պայքարելու ենք կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի դեմ, ինչպես նաև աջակցելու ենք միջազգային խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հայտարարության տեքստում: