Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը ՄԻԵԴ կներկայացնի գերիների իրավական պաշտպանության լրացուցիչ խնդրանք

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առնչությամբ հայկական կողմը միջազգային իրավական կառույցներին ներկայացնում է դիմումներ ու միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ապահովել գերիների անհապաղ վերադարձը հայրենիք: Հայաստանի գործընկեր շատ երկրներ ևս փորձում են աջակցել՝ լուծելու հումանիտար խնդիրը. գրում է Հանրային ՀԸ-ն:

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Առաջնային նպատակը, որ դատարանը շարունակաբար զբաղվի այս գործերով և իր վերջնական դատական ակտով ազատ աձակելու պահանջ ներկայացնի՝ արձանագրելով նրանց ռազմագերու կարգավիճակը և անազատության մեջ գտնվելու հիմքերի բացակայությունը:

Նոյեմբերի 16-ի՝ ադրբեջանական սադրանքից հետո, Բաքուն հաստատել էր 32 հայ զինծառայողի գերեվարումը: 21 անձ ավելի վաղ էր հայրենադարձվել, 5 գերի Հունգարիայի միջնորդությամբ վերադարձավ տարեվերջին: Հայկական կողմը ստացել է Եվրադատարանին ուղարկված Ադրբեջանի կառավարության պատասխանը. Բաքուն դիմել է դատարանին՝ վերացնելու այդ անձանց գործով անհապաղ միջոց կիրառելու որոշումները, քանի որ նրանք արդեն վերադարձել են հայրենիք: 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց վերաբերյալ նոր հաստատումներ, թվեր ու պաշտոնականացված տվյալներ չկան:

Սիրանուշ Սահակյան - Երբ ասում ենք 40-ը, 40-ի մեջ ունենք Խծաբերդի խումբ, ունենք պատերազմի ժամանակ գերեվարվածներ, նոյեմբերի 10-ի միջադեպի քաղաքացիական անձինք 3-ն են, և ունենք ևս 2-ը՝ Գեղարքունիքից:

Գրեթե բոլորի նկատմամբ Ադրբեջանը կեղծ քրեական գործեր է հարուցել միևնույն հոդվածով: Դատավարությունները տարբեր փուլերում են: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ գործեր ու առաջնահերթության խնդրանք են ներկայացրել Եվրադատարան:

Սիրանուշ Սահակյան - Զուգահեռաբար ջանքեր ենք գործադրում, որպեսզի նաև ապահովվի փաստաբանի և այնտեղ պահվող անձանց կապը: Այս առնչությամբ լրացուցիչ խնդրանք ենք ուղարկելու Եվրոպական դատարանին, որպեսզի ընդլայնի հայցի ապահովման կիրառված միջոցների շրջանակը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի Եվրոպական դատարանում ընթացող դատավարության շրջանակում երաշխավորվի կապը փաստաբանների և վստահորդների միջև, սպասում ենք դատարանի արձագանքին:
ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել նաև այդ անձանց նկատմամբ Բաքվի ապօրինի քրեական հետապնդումների մասին ապացույցներ: Հստակ է նաև Եվրադատարանի դիրքորոշումը. հակահայկական քաղաքականության պայմաններում Ադրբեջանում չկա հայերին պաշտպանելու արդյունավետ միջոց, նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի միջազգային կառույցների հսկողությամբ: