Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ են զրուցել Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում. մանրամասնում է Արարատ Միրզոյանը

Ի՞նչ են զրուցել Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում. մանրամասնում է Արարատ Միրզոյանը
Քաղաքականություն
19:05, 19 январь 2022
ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, թե ՌԴ-ին ու Ադրբեջանին ուղղված Հայաստանի ԱԳՆ-ի առաջարկը՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ, ո՞ր օրվա իրավիճակից ելնելով է արվել՝ մինչպատերազմական դրության տրամաբանությա՞ն, թե՞ նախորդ տարվա մայիսի 12-ից կամ նոյեմբերի 16-ից հետո ստեղծված նոր դասավորությունը հիմք ընդունելով։ 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ որպես հիմք է ընդունվել խորհրդային քարտեզը, և այդ քարտեզով առաջնորդվելով է առաջարկվել զորքերը հայելային հետ քաշել։ 

Պատասխանելով հարցին՝ կապված Ստոկհոլմում տեղի ունեցած խորհրդաժողովից առաջ իր և Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի զրույցի մանրամասների հետ, Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք պարոն Չավուշօղլուի հետ հանդիպել ենք ոչ թե այնպես, որը կարելի է պաշտոնական հանդիպում անվանել, այլ ուղղակի մի սենյակից մյուս սենյակ քայլելիս զրուցել ենք, և խոսակցությունը եղել է մոտավորապես այսպես՝ «բարև Ձեզ, բարև Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, եկեք էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ և սկսենք գործընթացը», և վերջ, այսքանն է եղել։ Կարծում եմ՝ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ կարծես թե դրական են։ Որևէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։ Ես գրեթե տառացիորեն վերարտադրեցի խոսակցությունը»,- ասաց Արարատ Միրզոյանը։