Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջոցառումների փաթեթը փոխանցվել է Ադրբեջանին, սպասում ենք արձագանքին․ Արարատ Միրզոյան

Միջոցառումների փաթեթը փոխանցվել է Ադրբեջանին, սպասում ենք արձագանքին․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
17:49, 19 январь 2022
Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման ու անվտանգության բարձրացման նպատակով հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց․ «ՌԴ արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովը, իր ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցին, նշել էր, որ ձեզ հետ հեռախոսազրույցում հայկական կողմը նոր առաջարկներ է փոխանցել, որոնք արդեն ուղարկվել են Բաքվին։ Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը»։

Ի պատասխան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Դուք իրավացի եք, ՌԴ արտաքին գործերի նախարարը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Եվ իր հաղորդած տեղեկությունը, բնականաբար, համապատասխանում է իրականությանը։ Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման, անվտանգության ու կայունության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմը՝ միջնորդավորված նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել, և իրականում իմաստ էլ չունի։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ այդ փաթեթը նաև Անվտանգության խորհրդի նիստում է քննարկվել։