Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ», «անտակտ խուլիգան»․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը վիրավորանքներով վեճ սադրեց ԱԺ հանձնաժողովում

Այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը, անդրադառնալով իր թեկնածությանը, նշեց. «Երբ առաջադրեցին իմ թեկնածությունը, ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ պետք չի, որ ես ներկայանամ իմ դեմքով, որովհետև հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող մարդ եմ և հստակ արմատական ընդդիմադիր կեցվածք ունեմ։ Սա շատ կարևոր հանձնաժողով է, և ոլորտի պրոֆեսիոնալներ են պետք, որոնք էլ քաղաքականապես ակտիվ չեն լինի, բայց երբ տեսա, որ քաղաքական մեծամասնությունն ում առաջադրել էր հիմնականում, քաղաքական գործիչներ էին՝ ես դիմեցի «Հայաստան» խմբակցությանը՝ ասեցի, որ պատրաստ եմ մասնակցել այդ մրցույթին, և նրանք էլ աջակցեցին»։ 

Ռուբիկ Հակոբյանը հիշատակեց նաև, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանն իրեն ասել է. «Ձեզ չեմ հարգում, 1998թ.-ից քաղաքականության մեջ եմ»։ Ռուբիկ Հակոբյանը շեշտեց նաև, որ Նարեկ Բաբայանը վիրավորել է իրեն, ասել է՝ ընդդիմադիր դաշտում մոտավորապես եղել եք՝ ինչ՝ ռումբ։ «Ափսոս այստեղ չի, բայց կասեմ, երևի կլսի՝ «Ոչ միայն ընդդիմադիր դաշտում, ոչ միայն քաղաքականության մեջ, այլ ռումբեր են բոլոր նրանք պետության համար, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն, ես չեմ հիշում, որ այդպիսի անուն-ազգանունով քաղաքական գործիչ եմ կարդացել, ով կարողանում է խցկվել ԱԺ որպես իր կնոջ օժիտ»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ խոսքն ուղելով Նարեկ Բաբայանին ու Լենա Նազարյանին։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով Ռուբիկ Հակոբյանի ելույթին, խորհուրդ տվեց դադարեցնել: «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, դադարեցրեք Ձեր ելույթը, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Ձեր ելույթն ավարտվում է, քվեարկության է դրվում, թե ովքեր են կողմ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությանը»,- հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։

«Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի, էդ տոնով մի խոսի»,- արձագանքեց Ռուբիկ Հակոբյանը։

«Ձեր ձայնը անջատեք»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

«ԱԺ կանոնագիրքը նաև ես եմ գրել, իրավունք չունեք ընդհատեք ինձ»,- պատասխանեց Ռուբիկ Հակոբյանն ու հավելեց. «Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ»։ 

«Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա»,- պատասխանեց Սիսակ Գաբրիելյանը։ 
«Էշ», «Ոչխար», «Էշը դու ես, անասուն» արտահայտություններով թեժացավ վեճը։

Մանրամասն՝ տեսանյութում: