Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոնա Ղազարյանը՝ Ադրբեջանին 2,1 մլրդ դոլար հատկացրած ԵՄ-ին. «Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը»

Սոնա Ղազարյանը՝ Ադրբեջանին 2,1 մլրդ դոլար հատկացրած ԵՄ-ին. «Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը»
Քաղաքականություն
16:05, 08 февраль 2022
Խորհրդարանի այսօրվա նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ:

«Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա:

Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին:

Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել:

«Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ Ադրբեջանի Մշակույթի նախարարի հայտարարությունները դատապարտել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն: