Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակների ինդեքսավորման կարգը օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է. Հերիքնազ Տիգրանյան

Այսօր՝ մարտի 1-ին, մեկնարկել է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենսաթոշակների և նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի կարծիքը, նշեց, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:
Ներկայացնելով իրենց հիմնավորումները՝ նա ասաց. «Ինդեքսավորման կարգը օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով»: 

Նա նշեց, թե որոնք են այդ պատճառները. «Մասնավորապես, հստակեցման կարիք ունի բյուջետային տարվա ընթացքում կատարված ինդեքսավորման ազդեցությունը տվյալ բյուջետային տարվան նախորդող և հաջորդող տարիների ՀՀ պետական բյուջեի վրա: Անհրաժեշտ էր հստակեցնել նաև, թե որ ժամանակահատվածի՝ տվյալ տարվա սկզբի՞, թե՞ ինդեքսավորումից հետո ընկած ժամանակահատվածի համար է, և ե՞րբ է սկսվում ինդեքսավորված կենսաթոշակի, նպաստի վճարման գործընթացը»: 

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ անհասկանալի է մնում նաև, թե ինչու է ինդեքսավորումը սկսում հաշվարկվել տվյալ բյուջետային տարվա փետրվար ամսից, երբ բազային ինդեքսը շատ ավելի վաղ է հայտնի դառնում:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ էր նաև հատուկ կարգի նախատեսում, որը պետք է հաստատեր Կառավարությունը. «Հանձնաժողովն առաջարկել է լրամշակել նախագիծը, ինչին չի համաձայնել հիմնական զեկուցողը»:

Մանրամասն՝ տեսանյութում: