Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագծով որևէ անդրադարձ չի կատարվել բազային աշխատավարձին. Առաջարկել էինք հետաձգել նախագծի քվեարկությունը. Հերիքնազ Տիգրանյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

 «Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:
ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց իրենց եզրակացության հիմնավորումները՝ նշելով, որ կարգավորումները հակասում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»,- նշեց նա և հավելեց, որ այդ անձանց աշխատավարձի չափը կազմում է 66 հազար 140 դրամ. «Նախագծով որևէ անդրադարձ չի կատարվել բազային աշխատավարձին և «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց» մասին օրենքին»:

Նրա խոսքով՝ եթե օրենքը, ինչպես առաջարկել է հիմնական զեկուցողը, կարող էր ուժի մեջ մտնել ավելի ուշ, ապա այդ դեպքում գործ էինք ունենալու նոր օրենքի նախագծի հետ. «Ուստի հանձնաժողովն առաջարկել է հետաձգել նախագծի քվեարկությունը և ներկայացնել նոր նախագիծ, ինչին չի համաձայնել հիմնական զեկուցողը»:

Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:

Մանրամասն՝ տեսանյութում: