Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

2020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Իրավունք
12:32, 26 апрель 2024
ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը:

Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Մասնավորապես, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ  կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, Ս.Ի-ն, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
Մասնավորապես, Ս.Ի.-ն, Դ.Ի.-ի և զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ բարձրանալով շենքի 3-րդ հարկ, վնասելու դիտավորությամբ ցատկել և ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին, այնուհետև մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել և պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին և ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ և վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին:

Այնուհետև Ս.Ի.-ն փորձել է քաշելով պոկել ՀՀ կառավարության շենքի աշխատասենյակների ցուցանակները, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է պատին ամրացված կրակմարիչը, այլ անձանց, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ դրանով հարվածելու և ձեռքով քաշելու միջոցով պատից պոկել և գետնին են գցել ցուցանակները՝ վնասելով դրանք:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն իր հերթին՝ առանձին, հաստատապես գիտակցելով իրենց գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, հափշտակել են ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՀՀ դրոշներ:

Նկարագրված արարքները կատարելու համար Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դ.Ի.-ի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հետախուզման մեջ գտնվող Ս․ Ի․-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ: