Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Tert.am-ը մանիպուլացնում է․ նոր ՄԻՊ-ը «պատմությունից չի ջնջում» Արման Թաթոյանին․ FIP.am

Tert.am-ը մանիպուլացնում է․ նոր ՄԻՊ-ը «պատմությունից չի ջնջում» Արման Թաթոյանին․ FIP.am
Քաղաքականություն
14:11, 01 март 2022
Փետրվարի 28-ին Tert.am կայքը գրել է, թե վերջերս պաշտոնը ստանձնած Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «որոշել է ՄԻՊ-ի պատմությունից ջնջել Արման Թաթոյանին»: 

«Գրիգորյանը փետրվարի 25-ին ստանձնել է ՄԻ պաշտպանի պաշտոնը և արել «առաջին» գործը. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում` Կառույցի պատմություն բաժնում բացակայում է Արման Թաթոյանի մասին տվյալներն ու լուսանկարը։ Քրիստինե Գրիգորյանը, ում վստահվել է ՄԻ պաշտպանի պարտականությունները, որոշել է Կառույցի պատմությունից ջնջել Արման Թաթոյանին»,- գրել է կայքը։

«Փաստերի ստուգման հարթակը» նկատեց, որ ՄԻՊ պաշտոնական կայքի «Պատմություն» բաժնում, որում ներկայացված է տեղեկատվություն նախկին Պաշտպանների մասին, ոչ թե ջնջվել, այլ այդ պահի դրությամբ դեռևս չի ավելացվել Թաթոյանի մասին հատվածը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից FIP.am-ին հայտնեցին, որ «կայքը կառավարելու հարցում կան տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կլուծվեն»: 

Մեզ հետ զրույցից հետո Թաթոյանի մասին հատվածն արդեն ավելացվել էր: 

FIP.am-ը, ուսումնասիրելով ՄԻՊ-ի պաշտոնական կայքը, նկատեց նաև, որ անգամ Պաշտպանի «Կենսագրություն» բաժնում Քրիստինե Գրիգորյանի մասին ձայնային տեղեկատվությունը թարմացված չէ, և այն դեռևս Արման Թաթոյանի մասին է:

Ուսումնասիրելով «Ելույթների», «Տեսանյութերի» ու «Հարցազրույցների» բաժինները՝ FIP.am-ը նկատեց, որ այնտեղ առկա են նախկին օմբուդսմեն Թաթոյանի հարցազրույցները, ելույթները, նրա մասնակցությամբ տեսանյութերը:

Այսպիսով, Tert.am-ի պնդումը, թե նոր ՄԻՊ-ը ջնջում է Թաթոյանին կայքի պատմությունից, չի համապատասխանում իրականությանն ու մանիպուլյատիվ է: