Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշտ արագ արձագանքող Թաթոյանի հետ Քրիստիննե Գրիգորյանը փորձել է խոսել մինչև պաշտոնը ստանձնելը․ Թաթոյանը չի պատասխանել․ միայն երեկ է զանգել Գրիգորյանին․ մի շարք հարցերի հետ քննարկել են նաև Facebook-յան էջի խնդիրը

Միշտ արագ արձագանքող Թաթոյանի հետ Քրիստիննե Գրիգորյանը փորձել է խոսել մինչև պաշտոնը ստանձնելը․ Թաթոյանը չի պատասխանել․ միայն երեկ է զանգել Գրիգորյանին․ մի շարք հարցերի հետ քննարկել են նաև Facebook-յան էջի խնդիրը
Հայաստան
15:48, 27 февраль 2022
Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կայքի միջոցով տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք»-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին դեռևս չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։

Հաջորդ օրը ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը թարմացվեց, սակայն ոչ գործող ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից, այլ պարզվեց, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ ստեղծված ֆեյսբուքյան էջը դարձրել է իր անձնական էջը (Official personal page):

ՄԻՊ նախկին խոսնակ Նունե Հովսեփյանը Civic.am-ին փոխանցեց, որ իր տեղեկությունների համաձայն «Պարոն Թաթոյանն ու տիկին Գրիգորյանը հարցը քննարկել են և այն լուծված է»։

ՄԻՊ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ Քրիստինե Գրիգորյանն ու Արման Թաթոյանն իրոք հեռախոսազրույց ունեցել են, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր։ Ի թիվս այդ հարցերի քննարկվել է նաև ֆեյսբուքյան էջի խնդիրը։ Արման Թաթոյանը նշել է, որ ֆեյսբուքյան էջը բացված է իր անձնական էջով և էջը ՄԻՊ աշխատակազմին չփոխանցելը կապված է ընդամենը տեխնիկական խնդիրների հետ։

Աշխատակազմից մեզ տեղեկացրին նաև, որ գրել են «Facebook»-ին՝ խնդիրը լուծելու համար։  Արման Թաթոյանն էլ վստահեցրել է, որ ինքը ևս խնդրի մասին գրել է «Facebook»-ին։

ՄԻՊ աշխատակազմից ասացին նաև, որ Քրիստիննե Գրիգորյանն Արման Թաթոյանի հետ փորձել է խոսել դեռ մինչև պաշտոնը ստանձնելը, սակայն Թաթոյանը զանգերին և նամակներին չի պատասխանել։ Միայն երեկ է Թաթոյանը զանգել Գրիգորյանին և ի թիվս մի շարք հարցերի քննարկել են նաև ֆեյսբուքի հետ կապված խնդիրը։ 

Ըստ աշխատակազմի, Քրիստինե Գրիգորյանի համար ֆեյսբուքյան էջի խնդիրը այս պահին հաստատության առաջ կանգնած վերջին խնդիրներից է, բայց կարևոր է այնքանով, որ հաստատության գործունեության մասին հնարավորինս ավելի մեծ թվով մարդիկ արագ ինֆորմացիա ստանան։

Սոցիալ մեդիա մարքեթինգից (SMM) մի քիչ հասկացող մարդիկ, սակայն, գիտեն, որ խնդիրը տեխնիկապես հեշտ լուծելի է։ Պետք է ընդամենը փոխել «admin»-ին՝ ավելացնելով նոր ադմին՝ հնին ջնջելով։
 
Վովա Հակոբյան