Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե ինչպես փրկվեց մեր հայրենիքը․ «Հայաստան» դաշինքն այսօր Արցախի դրոշն է տեղադրել Արտաշատում․ Շուշին ու Հադրութը կսպասեն

Թե ինչպես փրկվեց մեր հայրենիքը․ «Հայաստան» դաշինքն այսօր Արցախի դրոշն է տեղադրել Արտաշատում․ Շուշին ու Հադրութը կսպասեն
Քաղաքականություն
23:30, 06 апрель 2022
Մինչ հայ հանրությունն այսօր ուշադրությամբ հետևում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, կարող է բաց թողած լինել ոչ պակաս կարևոր իրադարձություն, ինչի մասին այսօր հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ 
Պարզվում է՝ Հայաստանի և Արցախի փրկությամբ մտահոգ ԱԺ ընդդիմությունն արդեն խոսքից գործի է անցել և ապացուցելու համար, որ ոչ միայն Ազատության հրապարակի հարթակից բղավել իմացող  պատգամավորներ ունի, հերթով «փրկում է» Հայաստանի հրապարակները, որոնցում դեռ տեղադրված չեն Արցախի դրոշները։

«Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում»,- տեղեկանում ենք դաշինքի տարածած հայտարարությունից։ Ապա ընդդիմադիրները ներկայացնում են իրենց ռազմահայրենասիրական գործունեության ու ծրագրի մանրամասները․ «Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։ Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում»։
 
Պարզ և հստակ․ էլ ի՞նչ պետք է անել հայրենիքը կամ Արցախը փրկելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ արցախյան պատերազմների մասնակիցները չեն իմացել կամ չեն ֆայմել, որ հայրենիքը, Արցախը փրկելու համար պետք էր ոչ թե գնալ սահման, կռվել թշնամու դեմ, պաշտպանել հայրենիքը, վիրավորվել կամ զոհվել, այլ խրոխտ քայլերով շրջագայել Հայաստանի փողոցներով և Արցախի դրոշներ տեղադրել տարբեր տեղերում։ 

Հետո ի՞նչ, որ ընդդիմությունը խոստանում է հետ բերել Շուշին ու Հադրութը, ոչ թե Արտաշատը կամ Երևանի կենտրոնի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ևս մեկ ռազմահայրենասիրական քայլ կատարվեց երեկվա հանրահավաքի ավարտին։ Ի՞նչ պարտադիր է սեփական կյանքի գնով փորձել դրոշներ տեղադրել Արցախի օկուպացված տարածքներում, եթե դա կարելի է անել հարմար ու մոտիկ մի վայրում՝ առանց կյանքի ու առողջության համար վտանգի՝ այդ ամենն անվանելով խորհրդարանական ընդդիմության պայքար՝ հանուն Արցախի և Հայաստանի։ 

Փաստորեն այսօրվա ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանի գրեթե յուրաքանչուր շենքի պատերից մեզ նայող հերոսների նկարները պակաս խոսուն են Արցախի արժեքի մասին, քան այստեղ այնտեղ իրենց տնկած դրոշները։

Մ․Խ․