Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 տարի առաջ տեղի ունեցավ Մարաղայի սպանդը․ «Հայաստանի Հանրապետություն»

30 տարի առաջ տեղի ունեցավ Մարաղայի սպանդը․ «Հայաստանի Հանրապետություն»
Քաղաքականություն
13:13, 09 апрель 2022
Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, որ ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, բանտարկությամբ, արցախյան շարժման տարիներին գագաթնակետին հասավ: Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո մարդկանց դեմ իրականացվող հանցագործությունը միջնադարյան դաժանություններով հատկապես առանձնացավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկելով մարդկանց՝ ստիպել նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Բաքուն շարունակ հանցավոր ծրագրեր էր մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի ուղղությամբ: Մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո ՄիրԲաշիրի որջից ազերական ստորաբաժանումները 1000-ից ավելի զինվորականներով 1992-ի ապրիլի 10-ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ, դիմելով սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը:

Առնվազն 100 մարդ՝ հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ, նախապես մշակված ռազմագործողության զոհ դարձան: Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից, գրեթե նույնքան մարաղացիներ, դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, ու շատերի ճակատագիրն առայսօր անհայտ է մնում:

Ազերիների հանցագործություններին չափ ու սահման չկար: Նրանք առաջնորդվում էին «բոլոր հայերին՝ մահ» կարգախոսով: Հայկական օջախները թալանվում էին, անասունները քշվում էին ՄիրԲաշիրի ուղղությամբ, ապա անմիջապես հրի էին մատնվում բոլոր տները: Իսկ թե արյունարբու գազաններն ինչպես էին ֆիզիկապես հաշվեհարդար տեսնում անմեղ բնակչության նկատմամբ, այսօրվա պես լավ են հիշում դաժան ողբերգության ականատեսները, ովքեր, գյուղն հրդեհելուց հետո, թշնամու կողմից պատանդ էին վերցվել, ծեծի, խոշտանգումների ենթարկվել ու «երջանիկ» պատահականությամբ կենդանի մնացել: