Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը տեխնիկական պատճառով մերժված լսումները որոշել է շահարկել քաղաքական նպատակներով՝ շոուն ապահովելու համար

«Հայաստան» դաշինքը   տեխնիկական պատճառով մերժված լսումները  որոշել է շահարկել  քաղաքական նպատակներով՝ շոուն  ապահովելու համար
Քաղաքականություն
19:52, 20 апрель 2022
«Հայաստան» դաշինքը այսօր տարածած իր հայտարարությամբ «գուժել» է   «իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ»։  «Գույժի» տեքստում  մասնավորապես նշված է. «Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:  Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս: Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Մենք վճռական ենք և հետևողական Հայ ժողովրդի լինելության հիմքում գտնվող այս հարցը հետապնդելու գործում: Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»: 
 
Civic.am
-ը պարզեց լսումների մերժման պատճառը։  ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ  2022 թվականի ապրիլի 21-23-ը Ստեփանավանում  տեղի է ունենալու  Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, և ԱԺ-ի տեխնիկական անձնակազմը, որն ապահովում է ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը,  այդ օրը գտնվելու է Ստեփանավանում։ Պարզեցինք նաև, որ նախապես թույլ է տրվել լսումների անցկացումը, սակայն հետո մերժվել է՝ վերոհիշյալ տեխնիկական հանգամանքը հաշվի առնելով։ Սա նշանակում է, որ լսումների մերժման մասին «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցություն է, քանի որ մերժվել է խմբակցության կողմից նախանշված օրը լսումների անցկացումը,  ինչից չի հետևում, որ լսումներն ընդհանրապես արգելվել են։ Անգամ տեխնիկական հարցերում  քաղաքական ենթատեքստ փնտրող  խմբակցությունն, ի դեպ, իր  հայտարարության վերջին նախադասության մեջ նշում է, որ  լսումները տեղի կունենան, սակայն՝ առաջիկայում։       
 
 Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ՝ մարտի 21-ին,  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր նախաձեռնել խորհրդարանական լսումներ՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն անցավ ԱԺ նիստերի դահլիճում, տեխնիկական բարձր որակի ապահովմամբ,  առանց  «դավադրական» խոչընդոտների։