Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի նախագահը մերժեց իրեն բողոքի ակցիաներով հյուրընկալող «ընդդիմությանը», «ընդդիմությունն» իր հերթին` ԱՄՆ դեսպանին, եղանակն էլ՝ «ընդդիմությանը»

Լիտվայի նախագահը մերժեց իրեն բողոքի ակցիաներով հյուրընկալող «ընդդիմությանը», «ընդդիմությունն» իր հերթին` ԱՄՆ դեսպանին, եղանակն էլ՝ «ընդդիմությանը»
Քաղաքականություն
22:07, 20 май 2022
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մերժեց, այսպես կոչված, «Դիմադրության» շարժմանը։ Նախորդ օրը ֆեյսբուքյան էջով Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են հանդիպել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին և երկարաշունչ նամակ-խնդրագիր էր հրապարակել՝ բացատրելով Լիտվայի նախագահին, թե ինչու նա պետք է անպայման հանդիպի իրենց հետ․ «Ցավոք, Ձեր այցը ՀՀ կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականության»,-Լիտվայի նախագահին զգուշացրել էր նա՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի Հայաստանում։

Երեկ Երևան ժամանած և այսօր տարբեր պաշտոնական հանդիպումներ ունեցած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, սակայն, այդպես էլ ականջալուր չեղավ Իշխան Սաղաթելյանի զգուշացումներին և չարձագանքեց ընդդիմության հրավեր-առաջարկին՝ ըստ էության, մերժելով բազմիցս մերժված ընդդիմությանը։ Կամ էլ միգուցե նա պարզապես չի հետևում Իշխան Սաղաթելյանի և «Դիմադրություն» շարժման ֆեյսբուքյան էջերին։

Ուշագրավն այն է, որ Լիտվայի նախագահի հետ հանդիպման նամակ-խնդրագիր գրած ընդդիմությունը «Shame» գրառումով պաստառներով բողոքի ակցիաներով Երևանում հետապնդում էր Լիտվայի նախագահին՝ երևի կարծելով, որ նա պետք է ճնշվի ու հանդիպի իրենց հետ կամ այցելի Ֆրանսիայի հրապարակի թիվ 4 վրան։

Լիտվայի նախագահը «Դիմադրության» այսօրվա միակ թիրախը չէր։ Այսօր փողոցում հավաքներ իրականացնող ընդդիմությունը «Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց «առանց Թրեյսի Հայաստան» վանկարկումներով և պաստառներով՝ ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

Այդ ընթացքում ԱՄՆ դեսպանը այլ դեսպանների, վարչապետի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ մասնակցում էր Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարություն» թեմայով ֆորումին։ Թրեյսիի բախտը, անշուշտ բերել էր, որ ԱՄՆ դեսպանն է և գտնվում է հատուկ պահպանության տակ, այլապես «ընդդիմադիրները» ոչ միայն կփորձեին փոխել Թրեյսիի էթնիկ պատկանելիությունը, անվանելով «թուրք», այլև բացառված չէ, որ ենթարկվեր բռնության, քանզի հայ հասարակությունը ականատես եղել է, թե ինչպես է փողոցային «ընդդիմությունը», որպես կանոն, վարվում իրենց կարծիքից տարբերվող կարծիք արտահայտվողների հետ։

Ի դեպ, հյուրանցում էր նաև ԵՄ դեսպանը, որին նույն ընդդիմադիրները ժամանակ առաջ «տուն էին ուղարկում», իսկ ԵԺԿ անդամ ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը վիրավորում էր դեսպանին՝ հայտարարելով․ «ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին»։

Այլ կերպ ասած, իրենց չմիացող հայրենակիցներին պատերազմ հայտարարած ընդդիմությունն այսօր պատերազմ հայտարարեց նաև միջազգային գործընկերներին՝ սեփական ձեռքերով գծելով վերջնական ձախողման քարտեզը։ Իսկ Հայաստան ժամանած Լիտվայի  նախագահը սեփական փորձով առավելագույնս համոզվեց, որ հայաստանյան ընդդիմություն կոչվածը կապ չունի ոչ տրամաբանության, ոչ էլ ժողովրդավարության հետ։

Վովա Հակոբյան