Քաղաքացիակենտրոն
լրատվություն

28 տարեկանում՝ 6 անշարժ գույք. ինչ է հայտարարագրել Աննա Մկրտչյանը

28 տարեկանում՝ 6 անշարժ գույք. ինչ է հայտարարագրել Աննա Մկրտչյանը
Քաղաքականություն
17:11, 12 июнь 2022
ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մի քանի անշարժ գույքի սեփականատեր է դարձել վերջին տարիներին։

Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ պատգամավորի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Մկրտչյանը պատգամավոր է ընտրվել 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով։

Այսպիսով, 28-ամյա պատգամավորը հայտարարագրել է 6 անշարժ գույք։ Հետաքրքիր է՝ քանի՞ 28-ամյա երիտասարդ Հայաստանում կարող է, տարբեր տեղերում իրավախորհրդատու և մասնագետ աշխատելով, նման ունեցվածքի տեր դառնալ՝ վերածվելով, միջնադարյան տերմինոլոգիայով ասած, «կալվածատիրոջ»։

  • Համատեղ սեփականությամբ մեկ շինություն Կոտայքի Քասախ գյուղում։ Ձեռք է բերվել 2009 թվականին, երբ Մկրտչյանը 15 տարեկան է եղել։ Ձեռք բերման եղանակը նշված չէ։
  • Միանձնյա սեփականությամբ հողամաս Քասախում, գնել է 2020-ին։
  • Միանձնյա սեփականությամբ հողամաս Երևանի Դավթաշեն շրջանում, գնել է 2020-ին։
  • 3 տարբեր հողամաս Քասախում, որ գնել է 2021-ին։
Մկրտչյանը հայտարարագրել է 1 շարժական գույք։
  • 2021-ի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա։ Գնել է 2021 թվականի ապրիլի 13-ին։ Արժեքը՝ 2 մլն դրամ։
Պատգամավորն ունի նաև կանխիկ գումար.
  • 2 մլն դրամ
  • 6000 դոլար
  • 3000 եվրո
Մկրտչյանը 2021-ի ընթացքում, որպես եկամուտ, հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը.
  • 4 մլն 569 հզ դրամ
2020-ի ընթացքում, երբ Մկրտչյանը 2 հողամաս է գնել, աշխատել է PRIME LAW իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու (2019-2020թթ.): Նույն ժամանակահատվածում եղել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

Պատգամավորի հայրը՝ Արա Մկրտչյանը, 25 տարի ղեկավարել է Քասախը, որտեղ դուստրը մի քանի անշարժ գույք ունի։ Պատգամավորի հայրը 2021-ի նոյեմբերից կալանավորված է։ Մկրտչյանի ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն։ Դրանց հետևանքով տարբեր անձանց հասցված վնասը, ըստ իրավապահների, կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ։