Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանդատից զրկելու օրենքի «մահակը» մինչև սեպտեմբեր կմնա ընդդիմության գլխին. ինչպես է խուսանավել «մինչև Փաշինյանը չհեռանա, մենք տուն չենք գնալու» հայտարարող Թագուհի Թովմասյանը

Մանդատից զրկելու օրենքի «մահակը» մինչև սեպտեմբեր կմնա ընդդիմության գլխին. ինչպես է խուսանավել «մինչև Փաշինյանը չհեռանա, մենք տուն չենք գնալու» հայտարարող Թագուհի Թովմասյանը
Քաղաքականություն
15:47, 13 июль 2022
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 18։30-ին, արտահերթ նիստ կգումարի։

Նշենք, որ ԱԺ խորհրդի որոշման նախագծերը վերաբերում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետևյալ պատգամավորներին (յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին նախագիծ է ներկայացված՝ Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Վահե Հակոբյան, Քրիստինե Վարդանյան, Արմեն Գևորգյան, Աղվան Վարդանյան, Ագնեսա Խամոյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Մխիթար Զաքարյան, Հռիփսիմե Ստամբուլյան, Աշոտ Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Էլինար Վարդանյան, Հայկ Մամիջանյան, Արծվիկ Մինասյան, Սեյրան Օհանյան, Արմեն Չարչյան, Ելենա Կիրակոսյան, Ասպրամ Կրպեյան, Արմենուհի Կյուրեղյան, Արամ Վարդևանյան, Թադևոս Ավետիսյան, Արթուր Սարգսյան, Արթուր Խաչատրյան, Արեգնազ Մանուկյան, Գեղամ Նազարյան, Զեմֆիրա Միրզոևա, Արթուր Ղազինյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Տիգրան Աբրահամյան։ Ցանկում ներառված չեն  ՊՈՒ խմբակցության անդամ  Թագուհի Թովմասյանը և ՊՈՒ խմբակցությունը ամիսներ առաջ լքած  Իշխան Զաքարյանը։ 

Ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞ւ  Թ. Թովմասյանն ու Ի. Զաքարյանը  ներառված չեն այս ցուցակում, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար  Ծովինար Խաչատրյանը civic.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ վերջիններս չեն հատել բացակայությունների՝ օրենքով սահմանված թույլատրելի սահմանը (այս շեմը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածի,  յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է)։  

Նշենք, որ ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով: 

Նկատեք, որ ԱԺ խորհրդի կազմում են մանդատից զրկվելու երկու պոտենցիալ թեկնածուները՝ Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, ինչպես նաև մանդատազրկումից «պլստացած»  Թագուհի Թովմասյանը։ 

Ունիկալ է մասնավորապես  տիկին Թովմասյանի պարագան։ Դեռ նախորդ տարի նոյեմբերին  վերջինս  առաջարկում էր «ընդդիմության առաջնորդներին հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ վերցնեն, հայրենիքի դավաճան են»։ Իսկ երբ ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց անժամկետ  նստացույցի մասին, տիկին Թովմասյանը, որը միացել էր իր պատրոնին, խրոխտ հայտարարեց. «Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնալու»։ «Դիմադրություն» շարժման օրերին, սակայն, Թովմասյանին այդպես էլ չտեսանք ԱԺ նիստերը բոյկոտած, ակտիվ դիմադրողական իր գործընկերների կողքին։  Արդյոք տիկին Թովմասյանն այդ ընթացքում  տուն գնում էր, թե ոչ՝ ասել չենք կարող, բայց ԱԺ, փաստորեն, գնացել է՝ կանխելով  բացակայությունների պատճառով  մանդատից  զրկվելու  հեռանկարը։ Ինչ խոսք, նախանձելի հեռատեսություն ու սկզբունքայնություն ունի մասնագիտությամբ լրագրող  ընդդիմադիր պատգամավորը։ Նկատենք, սակայն, որ երբ Արթուր Վանեցյանը, իր խոստումի համաձայն, վայր դրեց մանդատը, տիկին Թովմասյանը չշտապեց  հետևել վերջինիս օրինակին՝ լինելով երկրորդը, որը վայր կդներ իր մանդատը՝ որպես համերաշխություն իր քաղաքական պատրոնի  և ի կատարումն «տուն չգնալու» մասին  հավաստիացման։  Ավելին, նա ոչ միայն մանդատից կառչած մնաց, այլև չհրաժարվեց նաև  Դոնթի բանաձևով  «Հայաստան» դաշինքի կողմից ՊՈՒ-ին բաժին հասած  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այն դեպքում, երբ ընդդիմադիր մյուս պատգամավորները ինքնակամ հրաժարվեցին իրենց բաժին հասած հանձնաժողովների նախագահի և փոխնախագահի պաշտոններից։ 

«Իմ քայլ»-ի քվոտայով 2018-ին խորհրդարանում հայտնված, ապա՝ պատերազմի ավարտից հետո, հարազատ խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր դարձած  Թագուհի Թովմասյանն այս անգամ անդրդվելի մնաց՝ հայտարարելով, թե «որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ»։  Սա այլ բան, քան  քաղաքական «համերաշխության» և «երախտագիտւթյան» բացառիկ օրինակ անվանել հնարավոր չէ։   

ԱԺ-ի՝ արձակուրդ գնալը կարո՞ղ է խանգարել ՍԴ դիմելուն   
 
Նկատենք, որ վաղը նախատեսված ԱԺ խորհրդի նիստից հետո ԱԺ նախագահը պետք է գրավոր տեղեկացնի ընդդիմադիրներին իրենց սպասվող հեռանկարի մասին, իսկ ահա  հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ն մեկնում է  արձակուրդ։  Թե ինչպես է լուծվելու հարցի հետագա ճակատագիրը՝ հաշվի առնելով  արձակուրդի հանգամանքը, ըստ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի՝ պարզ կդառնա վաղը, ԱԺ խորհրդի նիստում։  

Չի բացառվում, որ ԱԺ-ն  մանդատազրկման հարցին վերստին անդրադառնա և  կանոնակարգով նախատեսված պրոցեդուրան իրականացնի  արձակուրդից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերին։  

Ըստ ԱԺ Կանոնակարգի (հոդված 156)՝ եթե պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ նախագահը տեղեկանքը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրավիրում է Խորհրդի նիստ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: 

 Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով: Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո երկշաբաթյա ժամկետում Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը.

2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

ԱԺ խորհրդի որոշումը ՍԴ մուտք անելուց հետո այդ մարմինը պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, և որոշում կայացնի դիմումը բավարարելու կամ չբավարարելու վերաբերյալ։ Եթե ԱԺ խորհուրդն ի սկզբանե դեմ է քվեարկում ՍԴ դիմելու հարցին, պատգամավորների թվի 1/5-ը սեփական նախաձեռնությամբ ևս կարող է դիմել ՍԴ: 

Յուրաքանչյուր պատգամավորի վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում։ 
   
 Ելենա Ազատյան