Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը և «քաղաքական կրակից» եռացող տարածաշրջանը․ չափազանց կարևոր են դիրքավորման հետևյալ սկզբունքները․ քաղաքագետ

Հայաստանը և «քաղաքական կրակից» եռացող տարածաշրջանը․ չափազանց կարևոր են դիրքավորման հետևյալ սկզբունքները․ քաղաքագետ
Քաղաքականություն
12:32, 19 июль 2022
Քաղաքագետ Արմեն Պետրսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանը և «քաղաքական կրակից» եռացող տարածաշրջանը

Մեծ տարածաշրջանի մասշտաբով քաղաքական իրավիճակը եռում է. և, որ ամենահանգուցայինն է՝ աշխարհաքաղաքական գերլարված մթնոլորտում։ 

Հնարավոր ամենաբարձր մակարդակի գագաթնաժողովներ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մրցակից-հակառակորդ դերակատարների մասնակցությամբ, տարբեր խնդիրների կարգավորմանը միտված մրցակից հարթակների,  հակառակորդ հետախուզական ծառայությունների ակտիվություն, ռազմական լարվածության ֆոնի առնվազն պահպանում։

Թվարկված զարգացումները փաստում են, որ չնայած գլխավոր ռազմական առճակատումը ներկայում ընթանում է Եվրոպայում, այնուամենայնիվ «Մեծ Մերձավոր Արևելքը» մնում է լոգիստիկ, տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում մրցակցության տեսանկյունից կարևորագույն տարածաշրջանը, որում իր ուրույն դերակարումն ու նշանակությունն ունի տարածաշրջանային յուրաքանչյուր երկիր։

Այս տեսանկյունից իրավիճակային բարդությունների շարունակականությունը Հայաստանի համար ևս դրսևորում է հին և նոր մարտահրավերների և հնարավորությունների տեսքով։ Գրագետ քաղաքական հաշվարկն է, որ թույլ կտա առնվազն անկորուստ դուրս գալ նման բարդագույն իրավիճակից, հատկապես երբ այդպիսի հաշվարկներով Հայաստանի դեմ դիրքավորվել են նաև մեր թշնամիները։

Հայաստանի սահմանափակ ռազմաքաղաքական ներուժի պարագայում չափազանց կարևոր են դիրքավորման հետևյալ սկզբունքները՝ քաղաքական քայլերի զգուշավորությունը, շահերի համադրելիության ճիշտ գնահատումը, բոլորի հետ բոլոր հնարավոր հարթակներում խոսելու հնարավորությունների պահպանումը։ Թերևս այս մարտավարական մոտեցմամբ պետք է մասնակից դառնալ գործընթացներին, որոնք որևէ կերպ չեն փորձում շրջանցել նաև #Հայաստանը։