Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է ռազմական օգնություն ակնկալել մի քանի այլ երկրներից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից

Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է ռազմական օգնություն ակնկալել մի քանի այլ երկրներից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից
Քաղաքականություն
21:36, 14 май 2021
 
«Հայաստանը ստեղծված իրավիճակում օգնություն կարող է ակնկալել մի քանի այլ երկրներից։ Հայաստանը կարող է ակնկալել կոնկրետ ռազմական օգնություն Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Դրա հնարավորությունները կան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
 
 Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է այսօր, և Հայաստանի շահերից է բխում՝ մեր երկրի անվտանգությունը և կայուն զարգացումն ապահովելու համար ստանալ արտաքին օժանդակություն։ Իսկ այդ օգնութունը Հայաստանը կարող է ստանալ Եվրամիությունից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ 

 Բոլոր թվարկված միջազգային խաղացողները Հայաստանին պատրաստ են տրամադրել և ռազմական օգնություն, և տնտեսական օգնություն՝ որոշակի պայմանների դիմաց։ Իսկ այդ պայմանները, մեր զրուցակցի խոսքով, ենթադրում են Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն, ռազմական ոլորտի համագործակցությունը Ռուսաստանի տիրույթից դեպի նշյալ պետությունների հետ համագործակցության տիրույթ տեղափոխել. «Բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը բացասաբար է արձագանքում  ստեղծված իրավիճակին, քանի որ ՌԴ-ն Հայաստանը դիտարկում է   որպես իր ազդեցության տիրույթում գտնվող պետություն և չի ցանկանում, որ այդ ազդեցությունը թուլանա։ Դրա համար փորձում է   ազդել ներքին քաղաքական իրավիճակի վրա, որպեսզի կառավարության վրա հսկողություն ունենալու շնորհիվ հսկի մեր պետությունը։ Դրա համար քաղաքացիները հունիսի 20-ին պետք է ճիշտ ընտրություն կատարեն»,-ասաց Ղուկասյանը։
 
 Մեր դիտարկմանը՝ պատերազմից հետո Արցախում ստեղծված իրադրությունը, ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ տալի՞ս է Հայաստանին հիմա նման ընտրություն կատարել և փոխել աշխարհաքաղաքական վեկտորը, Ղուկասյանը պատասխանեց. «Այո, դա խոչընդոտ չէ։ Արցախում ստեղծված իրավիճակը կարճաժամկետ բնույթ ունի, ըստ հայտարարության խաղաղապահները տեղակայվել են 5 տարի ժամկետով ։ Սա էլ նորից կախված է մեր քաղաքացիների ընտրությունից։ Եթե մեր քաղաքացիները դեմ են, որ Արցախը շարունակի տևական ժամանակ մնալ ՌԴ պրոտեկտորատի տակ գտնվող Ադրբեջանի կազմում առանց կարգավիճակի մի ռեգիոն, ապա դրա ալտերնատիվ ճանապարհը միջազգային համագործակցությամբ Արցախի հարցում փոփոխություն մտցնելն է, Արցախի ճանաչումն ու միջազգային խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Ներկա վիճակին ալտերնատիվ գոյություն ունի»,- ասաց Ղուկասյանը։
 
 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում շատ երկրներից կարող է օգնություն ակնկալել, բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքը նախաձեռնողականություն ցուցաբերի և արտաքին քաղաքական ճակատում որոշակի գործողություններ իրականացնի, որոնք առայժմ Հայաստանի կողմից չեն արվում. «ՀԱՊԿ-ին դիմելը այդ գործողություններից մեկն է, սակայն դա սահմանափակ գործողություն է։ Հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանը շարունակում է իր միաբևեռ քաղաքականությունը, ինչը մեզ կործանարար հետևանքի բերեց։ Հայաստանը, կարծես, ոչ մի կերպ չի ցանկանում նկատել այլ կենտրոններից ուղարկված մեսիջները, որոնք կարող են շատ կարևոր լինել թե այս գործընթացում, թե հետագայում, քանի որ հասկանալի է, որ ամեն ինչ այսքանով չի սահմանափակվելու։ Ներքին ու արտաքին սադրանքները շարունակվելու են»,- ասաց Ղևոնդյանը։
 
 Քաղաքագետի դիտարկմամբ՝ ցանկալի կլինի, որ Հայաստանը վերանայի իր մոտեցումները արտաքին գործընկերների նկատմամբ և փորձի անվտանգային միջավայրում ներգավել տարբեր երկրների տարբեր սահմանաչափերով։ Միայն բազմաբևեռ և բազմակողմանի գործընթացներ հարուցելով Հայաստանը կկարողանա որոշակիորեն շահեկան վիճակում հայտնվել։ Իսկ Հայաստանին այս վիճակում կոնկրետ երկրներ կոնկրետ օգնություն կարող են առաջարկել։
 
 Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման փաստին անմիջապես արձագանքել են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
 
Արփի Հարությունյան