Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախագահի հետ հանդիպման մասին կարող եմ ասել, որ հանդիպումը բացառված չէ, բայց այս պահին չեմ կարող ասել, որ հանդիպումը հաստատված է․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի նախագահի հետ հանդիպման մասին կարող եմ ասել, որ  հանդիպումը բացառված չէ, բայց այս պահին չեմ կարող ասել, որ հանդիպումը հաստատված է․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
22:42, 30 сентябрь 2022
«Ավելի ճշգրիտ կլինի ասել, որ և՛թուրքական կողմը, և՛ մենք չեն բացառել նման հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռևս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից այդ թվում ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքներից, որովհետև կա ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառում, որին հրավիրված ենք և՛ մենք , և՛ Թուրքիան, բայց և՛ մենք, և՛ իրենք դեռ պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության դեպքում ինչ մակարդակով մասնակցելու և երկրորդն էլ դրանից հետո հանդիպումը կկայանա, թե չի կայանա, դա երկրորդ խնդիրն է»,- այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելիս հանդիպում կկայանա իր և Թուրքիայի նախագահի միջև, թե՝ ոչ։

Նա ասաց, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի և պատրաստվում է մասնակցել ԵՄ հրավիրած գագաթնաժողովին, իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը կկայանա, թե չէ, այս պահին կարող է ասել, որ հանդիպումը բացառված չէ, բայց այս պահին նաև չի կարող ասել, որ հանդիպումը հաստատված է։

Վարչապետը նշեց, որ հանդիպմանը գնալու դեպքում գնալու է հայտնի երկկողմ օրակարգով՝ սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում։

 Հարցին, թե հնարավոր է նաև Արցախի հարցը քննարկվի, վարչապետն ասաց, որ կարծում է, որ երբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, ապա շատ հարցեր կքննարկվեն, և դա կախված է նաև զրույցից, որովհետև, եթե լինի հանդիպում, լինելու է իրենց առաջին հանդիպումը և առաջին հանդիպումը կլինի ծանոթություն և ինչպես կգնա խոսակցությունը։
Այն հարցին, թե Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների հանդիպում առաջիկայում նախատեված է, թե՝ ոչ, վարչապետն ասաց․ «Որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման կոնկրետ տեղ, օր կամ ժամ պայմանավորված չէ»։