Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը շանտաժային գործելակերպով այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է Հայաստանի պետականությունը. Փաշինյան

Ադրբեջանը շանտաժային գործելակերպով այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է Հայաստանի պետականությունը. Փաշինյան
Քաղաքականություն
21:05, 23 ноябрь 2021
Եղել է արդյոք Պուտին-Ալիև-Փաշինյան օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-ից 17-ի միջակայքում: Եթե այո` ով է հրաժարվել և ինչու: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նաև այս հարցն էին ուղղել լրագրողները հեռավար ասուլիսի ժամանակ:

Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք, օրինակ, լուծել գերիների հարցը` ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Եվ երբ պարզվել է, որ նման համաձայնության չենք կարող գալ և տեսակետները տարբեր են` ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար լավը չէ` խնդրել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ, որ եկեք հանդիպենք նոյեմբերի 26-ին, և ես ասել եմ, որ այդ օրն էլ է ինձ համար ընդունելի: Հետո առաջացավ գաղափար, որ առերես անենք հանդիպումը, և ես այդ գաղափարը պաշտպանել եմ, որն ընդունելի էր և Ռուսաստանի, և Ադրբեջանի նախագահների համար»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, համատեղ աշխատել և գտնել փոխընդունելի լուծումներ, բայց երբեմն սիմվոլիկայի ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի հանդեպ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն. «Բայց Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ մենք հասկանում ենք մեր խոցելիությունը: Ադրբեջանն այդ գործելակերպով այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը: Ես ասել եմ պետք չի Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով: Ով է ասել, որ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում և Հայաստանը պետք է վազի ասի` հա»: