Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան

ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Քաղաքականություն
21:12, 26 октябрь 2022
2022 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանելու ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ 

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության՝ պատվիրակության ընդունելությունը կհոգա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 
Նշենք, որ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ արձագանք կա մինչ այս պահը ՀԱՊԿ-ից, որին ՀՀ-ն դիմել էր Ադրբեջանի՝ սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո: Վարչապետը հաստատեց ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը և հայտնեց, որ Կազմակերպության Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը: 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այժմ նախաձեռնվում է ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու այդ զեկույցը: Անդրադառնալով նիստից ակնկալիքներին՝ վարչապետը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հստակ գնահատական կտա տեղի ունեցածին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ կընդունի։ 

«Սա ոչ միայն ՀՀ կառավարության, այլև հայ հանրության ակնկալիքն է»,-նշեց երկրի ղեկավարը: