Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով այդպես էլ որևէ բան չպարզվեց՝ նույնիսկ հեղափոխությունից հետո

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով այդպես էլ որևէ բան չպարզվեց՝ նույնիսկ հեղափոխությունից հետո
Քաղաքականություն / Հայաստան
19:16, 27 октябрь 2022
«Շարունակաբար Հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելը մեզ չի տալիս հնարավորություն կառուցելու ներքին համերաշխություն մեր երկրում, և այդ կասկածամտությունը պետք է հանենք մեր երկրի ներքին կյանքից։ Ուստի օրվա խորհրդին համահունչ խնդրում եմ, որպեսզի Գլխավոր նոր դատախազը հետևողական լինի 27-ի բացահայտման հետ առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ, և նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի ամբողջական բացահայտման համար, որովհետև շատ կարևոր վկաներ այլևս մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ, ուստի խնդրում եմ, որ մենք այդ խնդրի հետ կապված բոլոր ջանքերը դարձնենք իրականանալի», - այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ի ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

23 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանը իր հանցախմբով ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, նախարար Լեոնարդ Պետրոսյանին և պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա խմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամի՝ 14 տարվա ազատազրկման: Զոհերի հարազատներն ու գրեթե ողջ հայ հասարակությունը, սակայն, վստահ են՝ ոճրագործությունն ունի պատվիրատուներ, որոնք բացահայտված չեն։ Այս պնդումները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ դեպքից հետո տարօրինակ հանգամանքներում մահացան հանցագործության հետ անմիջական առնչություն ունեցող տարբեր մարդիկ՝ վկաներից մինչև դատապարտյալներ։ Մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Տարօրինակ հանգամանքներում մահացան նաև դեպքին ականատես եղած անձինք։  

Ո՞վ է Նաիրի Հունանյանը։ 1990 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ նա ստացել է բանասեր-լրագրողի մասնագիտացում։ 1992-94թթ. եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ 1992-ին, իրեն անհայտ պատճառներով, հեռացվել է կուսակցությունից։ 1990-1992 թթ.-ին աշխատել է Դաշնակցություն կուսակցության մամուլի կենտրոնում որպես լրագրող։ 1993-1997 թթ.-ին ապրել է Եվպատորիայում (Ղրիմում), դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1997 թ.-ին վերադարձել է Երևան ու 1998 սեպտեմբերից մինչև 1999թ. փետրվար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում որպես լրագրող՝ պայմանագրային հիմունքներով։

1999 թ.-ի մարտից գործազուրկ էր։ Ոճրագործությունից հետո Հունանյանը հանդիպում է պահանջում այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ քննարկելու համար «երկրի ապագան»։ Նախագահը գնում է։ Հունանյանի հետ փակ հանդիպումից հետո խումբը հանձնվում է՝ երաշխիքով, որ խմբի անդամներից ոչ մեկը մահապատժի չի ենթարկվի։ Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը պետք է հայտարարեր, որ «ուչաստկովիի մակարդակի գործ է։ Թաղի ուչաստկովին բավարար կամք ունենալու դեպքում ի վիճակի է բացահայտել այս գործը»։  

Առերևույթ հանցագործություն կատարած խումբը, իհարկե, դատապարտվեց ազատազրկման, սակայն հնարավոր պատվիրատուների դեպքով մինչ այժմ որևէ բան պարզ չէ։ Գործից անջատված մասով այդպես էլ որևէ բան չպարզվեց՝ նույնիսկ հեղափոխությունից հետո։ Գլխավոր դատախազությունը 2019 թվականին բավարարեց հոկտեմբերի 27-ին սպանված՝ խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: Գործի այս մասը առանձնացվել էր 2000 թվականին, որպեսզի պարզվեր՝ արդյոք կայի՞ն հանցագործության այլ մասնակիցներ, հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր գործը՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճման մասին որոշումը չստանալու մասին տուժողների իրավահաջորդները տարիներ շարունակ բարձրաձայնել են, բայց ապարդյուն: Անահիտ Բախշյանը դատախազություն դիմել էր 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, այն բանից հետո, երբ լսել էր, որ Գլխավոր դատախազի խորհրդականը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ եթե տուժողների իրավահաջորդները դիմեն, իրենք կտրամադրեն այդ նյութերը: Բախշյանի դիմումին ի պատասխան դատախազությունն իսկապես տրամադրել էր գործի բոլոր 57 հատորները, այդ թվում՝ կարճված մասի 17 հատորը։ 4 տարի անց վերաբացված գործում դեռևս որևէ առաջընթաց չկա։  

Civic.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի` Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, որ այս ողջ ընթացքում միայն մեկ անգամ է հանդիպում ունեցել քննիչի հետ։ Այլևս որևէ նորություն չունի, թե գործի քննությունը ինչ փուլում է։ Գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը, Ժորա Սարգսյանը և այլք: Ըստ դատախազության՝ կատարվել են նաև մի շարք առգրավումներ։ «Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: Հատկանշական է, սակայն, որ այս հաղորդագրությունը որևէ նորություն չի պարունակում։ 

Դեռևս մեկ տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գլխավոր դատախազի այն ժամանակվա խորհրդական Գոռ Աբրահամյանը նշում էր, որ վերաբացված գործով հարցաքննվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ։ Կասկածյալներ, սակայն, ի հայտ չեն եկել։

Յուրի Բախշյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը ևս Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ նորություն չունի, նախաքննություն է ընթանում։ Մեջլումյանը մեկ տարի առաջ արձանագրում էր, որ քաղաքական կամք կա բացահայտելու հանցագործությունը, բայց թե ինչպես կգնա քննությունը՝ ցույց կտա ժամանակը։ Փաստաբանը կարևորել էր նաև 1999-ին նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանի և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի ցուցմունքները, սակայն պարզ չէ՝ վերջիններս հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ, բայց ըստ փաստաբանի՝ բոլոր կողմերը, ովքեր այս կամ այն կերպ կարող էին տիրապետել կամ տիրապետել են ինֆորմացիայի՝ պետք է հարցաքննվեն։  
 
Վովա Հակոբյան