Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ում 2020թ.-ից վերաբացված Հոկտեմբերի 27-ի գործի ընթացքից տեղյակ չեն զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները

ԱԱԾ-ում 2020թ.-ից վերաբացված Հոկտեմբերի 27-ի գործի ընթացքից տեղյակ չեն զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները
Հայաստան
18:53, 26 октябрь 2021
Շուրջ 22 տարի առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճը ողողվեց արյունով` բազմաթիվ վիրավորներ ու զոհեր: Նաիրի Հունանյանն իր հարազատների ու համախոհների` Կարեն Հունանյանի, Վռամ Գալստյանի, Դերենիկ Բեջանյանի ու Էդուարդ Գրիգորյանի հետ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նիստերի դահլիճում սպանեց երկրի առանցքային դեմքերին: Ոճրագործության զոհ դարձան  ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: 

Տասնամյակներ անց` արդեն իսկ փակուղի մտած գործից անջատված մասը, որը վերաբերում էր Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, վերաբացվեց հեղափոխությունից հետո, սակայն ԱԱԾ-ում 2020թ,-ից քննվող գործի ընթացքից տեղյակ չեն զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները:

Civic.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի` Ստեփան Դեմիրճյանի  ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը նշեց, որ տեղյակ են ընթացող նախաքննությունից, սակայն իրենց որևէ բան չեն ասել: Փաստաբանը մեկնաբանեց, որ ընթացքի մասին անտեղյակությունը պայմանավորված է նախաքննական գաղտնիք ասվածի հետ: 

Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ընդհծեց, որ վատառողջ է` երկար խոսել չի կարող, ասաց միայն, որ թեպետ գործը վերաբացվել է, բայց որևէ նոր բան տեղի չի ունեցել: Հարցաքննվող անձինք եղել են, թե ոչ` Անահիտ Բախշյանը որևէ տեղեկություն չուներ: 

Նշենք, որ ԱԱԾ-ում վերաբացվել է Հոկտեմբերի 27-ի հնարավոր կազմակերպիչների մասով կարճված գործը: 

Հեղափոխությունից հետո Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի պաշտպան Աշոտ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հիմքեր կան գործը վերաբացելու համար, քանի որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործից մաս էր անջատվել ու կարճվել, սակայն որոշումը տուժողներին չէր տրամադրվել, որպեսզի բողոքարկեն: Փաստաբանն ընդգծել էր, որ այդպիսով ստացվել էր, որ Նաիրի Հունանյանն ու իր խումբը ինքնուրույն են գործել:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը 18.12.2019թ. ՀՀ գլխավոր դատախազին` Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքի էր ուղարկել, որն էլ բավարարվել էր:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից կարճ տարիներ անց մի շարք կարևոր վկաներ ու ոճրագործության մասնակիցներ վաղաժամ հեռացան կյանքից` ոմանք ինքնասպանությամբ, ոմանք` դժբախտ պատահարների հետևանքով: