Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախագահի հետ մեր խոսույթները անհամատեղելի չեն. խոսակցությունն ավարտված չէ, ընդհակառակը՝ սկսվել է և զարգանում է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Պրահայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից ստացած տպավորությանը, նշեց. «Ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել. և հեռախոսազրույցը, և հանդիպումը ես գնահատում եմ դրական՝ այն առումով, որ Թուրքիայի նախագահի և իմ ասածները անհամատեղելի չէին, ինչի տպավորությունը կարող է ստացվել մամուլի համար արված հայտարարություններից»:

Նիկոլ Փաշինյանը խնդիր է համարում այն, որ բանակցությունների սեղանի շուրջն ասվի նույնը, ինչ ասվում է հարցազրույց տալիս կամ ուղիղ եթերում. «Սա չի նշանակում, որ Թուրքիան կամ մենք հրաժարվել ենք մեր որևէ դիրքորոշումից բանակցային սեղանի շուրջ: Իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթները անհամատեղելի չեն, և եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»:

Վարչապետի խոսքով՝ թեև ասվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապամանների, «բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը այդ խոսակցության մեջ ներկա է: Բայց որ առնվազն պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ»:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Փաշինյանն ասաց. «Մենք էլ ենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, և ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել եմ մի շարք նրբություններ, թե Հայաստանն ինչպես է տեսնում մի շարք հարցերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումները»: 

«Պիտի արձանագրեմ, որ վերջին շրջանում Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում»,- նշեց վարչապետը և հավելեց. «Չգիտեմ՝ ինչպիսին կլինի Թուրքիայի մոտեցումը կամ կլինի, թե չի լինի, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանը ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորումն ունենալու»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահի հետ խոսակցությունն ավարտված չէ, ընդհակառակը՝ սկսվել է և զարգանում է: