Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
12:05, 19 ноябрь 2022
Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ՝ կարևորելով այս առումով երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը երկկողմ շփումների ակտիվացման համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։