Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիև․ «Թեև «Զանգեզուրի միջանցք» տերմինը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա, ես այն ներմուծել եմ աշխարհքաղաքական լեքսիկոն»

Ալիև․ «Թեև «Զանգեզուրի միջանցք» տերմինը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա, ես այն ներմուծել եմ աշխարհքաղաքական լեքսիկոն»
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:47, 10 январь 2023
Պաշտոնական Բաքուն մտադիր է միջազգայնացնել Հայաստանի Սյունիքի մարզի կամ ինչպես Իլհամ Ալիևն է այն անվանում, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ալիևն այս մասին հայտարարեց այսօր՝ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում. գրում է ԱԶատություն Ռ/Կ-ն։

«Արևմտյան Ադրբեջանի հարցը մենք դուրս ենք բերել միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծված», - նշում էր Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը ևս օրակարգում է և այն Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական կամ տրանսպորտային այլև ռազմավարական ծրագիր է։

«Ճիշտ է Զանգեզուրի միջանցք տերմինը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ բացակայում է, սակայն ես այդ տերմինը մտցրել եմ աշխարհքաղաքական լեքսիկոն։ Ամեն դեպքում,[փաստաթղթում] ասված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև պետք է կապ հաստատվի և Հայաստանը պետք է ապահովի դա», - հայտարարում էր Ալիևը։
Հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի մի քանի անգամ կրկնեց՝ «ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները ընդունվել են աշխարհի կողմից»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր գլխավոր նպատակը՝ քաղաքական հարթությունում մեր փառահեղ հաղթանակի ամրագրումն էր։ Մենք առանց հապաղման ձեռնամուխ եղանք այդ գործին, քանի որ շատ լավ հասկանում էինք՝ եթե հաղթանակը չամրագրենք քաղաքական ասպարեզում, եթե չհասնենք նրան, որ միջազգային հանրությունը ընկալի այն, կարող ենք բախվել որոշակի խնդիրների», -հայտարարում էր Ալիևը՝ ընդգծելով, - «կարծում եմ, որ այսօր՝ ռազմական գործողություններից երկու տարի անց, մենք վստահորեն կարող ենք ասել՝ պատերազմի արդյունքները աշխարհն ընդունել է։ Ադրբեջանի ճշմարտացիությունը ևս մեկ անգամ հաստատվեց, և մենք պետք է էլ ավելի ամրապնդենք պատերազմի վերջում ստեղծված կացությունը, այսինքն՝ էլ ավելի ամրապնդել մեր դիրքերը։ Վերջին երկու տարում մեզ թե՛ միջազգային հարաբերությունների ոլորտում և թե՛ երկրի ներսում հաջողվեց անել այն ամենն, ինչ մենք ցանկանում էինք»։

Ալիևը նաև կոչ է անում Հայաստանին զերծ մնալ, իր բնորոշմամբ, ռևանշիստական նկրտումներից։ «Եթե մենք տեսնենք, որ Հայաստանի կողմից ինչ-որ սպառնալիքներ կան, մենք դրանք կչեզոքացնենք թե՛ մեր տարածքում, թե՛ մեր սահմաններից դուրս», -պնդում էր Ադրբեջանի ղեկավարը՝ խորհուրդ տալով Հայաստանին որքան հնարավոր է արագորեն խաղաղ պայմանագիր ստորագրել։
Ադրբեջանական հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ այսօր Ադրբեջանն աշխարհում որպես վստահելի և լուրջ գործընկեր է ընկալվում՝ Ալիևը նշում էր, թե դրան նպաստող գլխավոր գործոններն են 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակն ու երկրի ռազմական հզորությունը։

«Աշխարհի քաղաքական վերնախավը մեզ լավ է հասկանում, լավ է հասկանում, թե մենք ինչ գնով կարողացանք հաղթանակի հասնել, ինչ ռիսկի գնացինք, ինչ ուժերի դեմ էինք պայքարել և այսօր էլ պայքարում ենք։ Ու չնայած այն հանգամանքին, որ պատերազմն ավարտվել է, պայքարը շարունակվում է և ես վստահեմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք ճիշտ ուղու վրա ենք։ Բացի այդ մեր ռազմական ուժն ու մեր տնտեսական անկախությունը անկասկած, բազմապատկում են մեր հզորությունը», -հայտարարում էր Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այսօրվա ծավալուն հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր տնտեսական խնդիրներին։ Ընդունելով, որ երկրում սպառողական ապրանքների գների զգալի աճ է նկատվում՝ Ալիևը պնդում էր, որ դա ինֆլյացիայի հետևանք է, ինչն էլ իր հերթին՝ միջազգային շուկաներում տիրող իրավիճակի արտացոլումն է։

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ 2022 թվականն իր երկրի համար տնտեսական առումով շատ հաջող էր, մասնավորաբար, երկրի ՀՆԱ-ն ռեկորդային 80 միլիարդ դոլարի է հասել, հայտարարում էր Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև պնդում էր, որ երկիրը շարունակելու է մեծացնել էներգակիրների՝ նախևառաջ գազի արտահանման ծավալները: «2023-ին մենք մտադիր ենք 24 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել, որից 12 միլիարդը Եվրոպա», - նշում էր Ադրբեջանի նախագահը։

Ուշագրավ էր, սակայն, որ Ալիևը հարկ համարեց առանձին, Բաքվում գործող ռուսալեզու ալիքներից մեկի հարցին ի պատասխան, անդրադառնալ արևմտյան մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն Ադրբեջանն իրականում ոչ թե սեփական գազն է վաճառում եվրոպացիներին, այլ վերավաճառում է ռուսականը։

«Կարծում եմ, որ դա տեղեկատվական մանիպուլյացիա է։ Առաջին անգամ այդ մասին խոսել է Գերմանիայի նախկին կանցլեր, հետագայում ռուսական էներգետիկ ընկերություններից մեկում պաշտոն զբաղեցրած Գերհարդ Շրյոդերը։ Հետագայում արդեն այդ վարկածը սկսեց շրջանառվել մամուլում և բնական է, որ այն մեծ ուրախությամբ սկսեցին օգտագործել նաև մեր հակառակորդները՝ փորձելով մեզ մեղադրել, որ մենք ինչ-որ անազնիվ խաղ ենք տանում», - հայտարարում էր Ալիևը` պնդելով, որ Ռուսաստանից տարեկան ներկրվող մեկ միլիարդ խորանարդ մետր գազը սպառվում է բացառապես Ադրբեջանի ներսում, որտեղ, ըստ նրա, բնակչությունն աճում է, իսկ արդյունաբերությունը սկսել է աշխատել ողջ թափով։

«Ասել, որ մենք գնում ենք ռուսական գազը, հետո վերավաճառում ենք, այն կարող են կամ դիլետանտները կամ էլ սադրիչները», - հայտարարում էր Իլհամ Ալիևը։