Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի, հիմա նրան այլ ելք չի մնում, քան այդ ճանապարհը միջանցք անվանելը

Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի, հիմա նրան այլ ելք չի մնում, քան այդ ճանապարհը միջանցք անվանելը
Քաղաքականություն
22:06, 29 ноябрь 2021
Չնայած հայկական կողմի բազմաթիվ պնդումներին, ինչպես նաև ռուսական կողմի վերահաստատմանը, որ միջանցքի հարց չի քննարկվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում: «Այսօր ես կարող եմ ասել, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջանցքների կարևոր մասը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Աշխաբադում տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովում: Ալիևը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ երկրները կօգտվեն «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, նկատեց, որ Ադրբեջանի նախագահը միջանցք է անվանում մի բան, որն իրականում միջանցք չի հանդիսանալու. «Ալիևը խնդիր ունի դեմքը փրկելու։ Նա մեկ տարի է իր հասարակությանը, թյուրքական երկրներին կերակրում է խոստումներով, որ միջանցք է լինելու։ Եվ հիմա չի կարող ասել, որ միջանցք չի լինում։ Իսկ այն, որ միջանցք չի լինելու, տեսանելի է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հրապարակված  փաստաթղթից։ Այդտեղ խոսք է գնում կապերի, ուղիների վերագործարկման մասին, այլ ոչ թե միջանցքի։ Ալիևը միջանցք չի ստանում, նա ստանում է  ճանապարհ։ Դրա համար հիմա իրեն այլ ելք չի մնում, քան այդ ճանապարհը միջանցք անվանել։ Բայց դա էական չէ։ Նա ինչ անուն ուզում է թող դրան տա, կարևորը դա լինի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհ»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով. «Իսկ այն, որ ճանապարհը կբացվի, այո, թող բացվի և դրանից հետո Ալիևը դրան ինչ անուն ուզում է թող տա։Կարևորը, որ իրենք մաքս վճարեն, անցնեն անձնագրային ստուգում և  ուղեկցվեն հայ ոստիկանների և ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից։ Իրենք միջանցք ասելով հասկանում են նույն կարգավիճակը, ինչ որ Լաչինի միջանցքում, որտեղ իրենք որևէ վերահսկողություն չեն իրականացնում։ Նույն կերպ, ըստ իրենց, Հայաստանը պետք է չունենա վերահսկողություն իրենց Նախիջևանի հետ կապող ճանապարհի վրա։ Սակայն քանի որ կա համաձայնություն, որ միայն ուղիներն են վերաբացվելու և դա արձանագրված է եռակողմ փաստաթղթում, ապա դրանով միջանցքի հարցը փակվում է»։

Մեր դիտարկմանը՝ ինչը ստիպեց Ռուսաստանին հետ կանգնել Հայաստանի վրա ճնշում գործադրելու և միջանցք պարտադրելու քաղաքականությունից, փորձագետը նկատեց, որ դա տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի վերջին հանդիպումից առաջ՝ Արևմուտքի ճնշման տակ։ 

«Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա արդեն անցնում էր կարմիր գծերը և սպառնում էր Հայաստանի ինքնիշխանությանը։ Շառլ Միշելի վերջին հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ ունեցավ իր ազդեցությունը։ Ի դեպ, հենց դրանցից հետո ռուսական կողմը սկսեց արդարանալ, թե չի պատրաստվում Հայաստանը վերածել պրոտեկտորատի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը մեզ հետ զրույցում հորդորեց Ալիևի ասածներին  լուրջ չվերաբերել։ 

Ըստ Աթանեսյանի՝ նոյեմբերի 9-10-ի հայտարարության 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը։ Եվ խոսքը ճանապարհների ապաշրջափակման, հաղորդակցման ուղիների բացման մասին է։ Ինչի մասին խոսք գնաց նաև օրերս Սոչիում կայացած հանդիպումից հետո հրապարակված փաստաթղթում։

 «Եթե Թուրքիան մտադիր է օգտվել բացվելիք երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհներից, ապա պետք է Հայաստանի հետ առանձին համաձայնության գա։ Նույնը վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին, Չինաստանին, ցանկացած այլ պետության, որ կուզենա բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով։ Հայտարարության զուտ ֆորմալ իմաստով Հայաստանը նույնիսկ կարող է պնդել, որ իր տարածքով Նախիջևանի հետ կարող են կապվել Ադրբեջանի միայն արևմտյան՝ Սյունիքի մարզին սահմանակից շրջանները։ Այդպես է գրված հայտարարության տեքստում, որի տակ նաև Իլհամ Ալիևի ստորագրությունը կա»։