Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները ԼՂ հարցում համընկնում են, ու մենք ղարաբաղյան հակամարտությունն ավարտված ենք համարում․ Ալիև

Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները ԼՂ  հարցում համընկնում են, ու մենք ղարաբաղյան հակամարտությունն ավարտված ենք համարում․ Ալիև
Քաղաքականություն
15:31, 23 июль 2021
Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները ԼՂ հարցում համընկնում են, ու մենք ղարաբաղյան հակամարտությունն ավարտված ենք համարում, այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «AzTV» պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ հուլիսի 20-ին Մոսկվա իր այցելության ժամանակ  Պուտինի հետ քննարկել են տարածաշրջանի հետպատերազմական  իրավիճակը։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակը՝  ներառյալ «Զանգեզուրի միջանցք»-ն ու հետպատերազմական շրջանը։ Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, հավատում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է », - ասել է Ալիևը։

Նրա պնդմամբ՝ կարևոր է կանխել Հայաստանում «ռևանշիզմի» դրսևորումները:

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն: Մենք այս հարցում Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք։ Ինչ վերաբերում է  «Զանգեզուրի միջանցք»-ին, ես տեղեկացրեցի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում  հաղորդակցային բոլոր ուղիները պետք է միաժամանակ բացվեն, և ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ կրկին ուզում է ինչ-որ խաղ խաղալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի հավելումն իր հայտարարության՝ Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով:

 «Սա է մեր դիրքորոշումը», - ընդգծել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հարցազրույցի ընթացքում Հայաստանին է մեղադրել՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների դադարեցման համար։

Ալիևը, անդրադառնալով ՌԴ-ի  հետ երկկողմ հարաբերություններին, շեշտել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են:

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հարցում տարաձայնություններ չունենք: Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք: Սա շատ կարևոր է», - շեշտել է Ադրբեջանի նախագահը: