Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը, բայց սա միակ ձևը չէ․ Յաել Բրոն-Պիվե

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Բրոն-Պիվեի և Սիմոնյանի մամուլի ասուլիսը։ 

Ֆրանսիայի Աժ նախագահ Բրոն-Պիվեն, ի պատասխան հարցին, թե Ֆրանսիան ինչ տեսակետ ունի ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեության՝ Ադրբեջանի կողմից մերժելուն, և համանախագահությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու գործում նշեց, որ կարևոր է վերադառնալ երկխոսության, և Մինսկի խումբը երկխոսության հարթակներից մեկն է միայն։ «Այսօր կարևոր է, որ մասնակից յուրաքանչյուր կողմ ընդունի դրան վերադառնալը։ Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը, բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր միջոցները փորձվեն որպեսզի հնարավորինս արագ իրավիճակի լարումը դադարի», - ասաց Յաել Բրոն-Պիվեն։ 

Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ ստեղծվել է նաև մեկ-երկու այլ ֆորմատ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբի ֆորմատը։ «ՄԽ համանախագահներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են գնալ համագործակցության, և Ռուսաստանի կողմից ևս եղել է հայտարարություն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և դրա հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք նաև ֆիքսենք, որ ունենք Ֆրանսիայի և Մոսկվայի նախաձեռնությամբ ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով, որոնք պակաս կարևոր չեն։ Ուստի, կարծում եմ, որ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևիցե ձևով չնվազեցնենք մնացած ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև՝ Պրահայի ֆորմատը, որը ձևավորվեց Մակրոնի նախաձեռնությամբ, որի համար ՀՀ-ն շնորհակալ է մեծարգո նախագահին», - ասաց Ալեն Սիմոնյանը։