Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին տարիներին Էրդողանի վարկանիշը Թուրքիայում նախկինի համեմատ բավական ընկել է, սակայն Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը չի փոխվի ընտրություններից հետո․ թուրքագետ

Վերջին տարիներին Էրդողանի վարկանիշը Թուրքիայում նախկինի համեմատ բավական ընկել է, սակայն Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը չի փոխվի ընտրություններից հետո․ թուրքագետ
Քաղաքականություն
19:12, 03 февраль 2023
Մայիսի 14-ին Թուրքիայում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական  ընտրություններ։ Civic.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ ընտրություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ հանդես եկող ուժը քեմալականներն են՝ ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության։ 

«Չնայած Թուրքիայում կա իրական ընդդիմություն, այնուամենայնիվ ընդդիմության համար բավական դժվար կլինի այս մրցապայքարում, քանի որ Էրդողանն արդեն սկսել է իր վարչական, բռնատիրական ռեսուրսներն օգտագործել՝ իրական ընդդիմադիրներին հետապնդելու համար։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Էքրեմ Իմամօղլուին, որին դատեցին իբր ԿԸՀ անդամներին «տխմար» անվանելու համար, և 2 տարով զրկեցին Էրդողանի գլխավոր մրցակցի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Մյուս ջեմալական, աղվանական ընդդիմադիրները նույնպես դեռևս բացահայտ չեն գլխավորում դաշինքը, խոսքը վերաբերում է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշիին»,- ասաց թուրքագետը։  

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Թուրքիայում ընդդիմությունը ներկայումս գլխավորում է Քեմալ Քըլըչդարօղլուն, և ընդդիմության հնարավորություններն ավելի շատ են մեծ քաղաքներում, օրինակ՝ Անկարայում, Ստամբուլում. «Այդ քաղաքներում խիստ ընկած է Էրդողանի վարկանիշը։ Էրդողանի ձայները հիմնականում գալիս են շրջաններից։ Վերջին տարիներին՝ կապված թե տնտեսական դժվարությունների, թե քաղաքական իրավիճակի հետ, Էրդողանի վարկանիշը Թուրքիայում նախկինի համեմատ բավական ընկել է։ Էրդողանի իշխանությունը Արևմուտքի հետ գնալով վատացնում է հարաբերությունները, նույնիսկ թուրքական մամուլն էլ է գրում, որ Էրդողանի ու Արևմուտքի հարաբերությունները լարված են»: 

Մեր զրուցակիցը հավելեց, որ արևմտյան հատուկ ծառայությունները Թուրքիայում հզոր ներկայացվածություն ունեն, և հիշատակեց 2016թ. Թուրքիայում Էրդողանին տապալելու համար կազմակերպված ու ձախողված հեղափոխության փորձը. «Այդ ժամանակ հեղափոխությունը տապալվեց, բայց Էրդողանը նշել էր, որ 2016-ի հեղափոխության փորձը, ճիշտ է, տապալվել է, բայց դա չի նշանակում, որ ապագայում հեղափոխության փորձեր չեն լինի»։  

Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ խորհրդարանում Էրդողանը դաշինք է կազմել «Գորշ գայլեր»-ի հետ, իսկ «Գորշ գայլեր»-ի այն անդամները, ովքեր խիստ դժգոհ էին «Գորշ գայլեր»-ի պահվածքից՝ առանձնացան և առանձին կուսակցություն ստեղծեցին. «Կարող ենք ասել, որ ի դեմս քեմալականների՝ ընդդիմության դիրքերն ամրապնդվում են»։

Թուրքագետի կարծիքով՝ եթե ընդդիմության թեկնածուն մնա Էքրեմ Իմամօղլուն, ապա կարելի է ասել, որ Էրդողանի հնարավորությունը խիստ կնվազի ընտրություններում, քանի որ Իմամօղլուն Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող գործիչ է. «Նույնն էլ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։ Թուրքիայի խոշոր քաղաքներում ընդդիմության ղեկավարումը Յավաշին վերցրել է իր ձեռքը»։ 

Հարցին՝ սպասելի՞ է, որ Թուրքիայում ժողովրդավար, թափանցիկ ընտրություններ կանցկացվեն, Մուշեղ Խուդավերդյանն արձագանքեց. «Քանի դեռ Էրդողանը իշխանության է՝ չեմ կարծում, որովհետև Էրդողանը վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընտրակեղծարարությամբ, շինծու քրեական գործերով հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր գործիչների նկատմամբ»։ 

Այն հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում քրդական ուժերի հնարավորությունն այս ընտրություններում, թուրքագետը նշեց, որ թեպետ Թուրքիայում ապրում է շուրջ 20 մլն քուրդ, բայց քրդական  «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը որոշիչ ուժ չի լինի Թուրքիայի քաղաքական դաշտում. «Ամեն քրդական շրջան չէ, որ այս կուսակցությանը ձայն է տալիս։ Կուսակցությունը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանում միայն նրա համար, որ քրդերն այնտեղ ներկայացվածություն ունենան»։  

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Էդրողանը չընտրվի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը կփոխվի՞ այլ ղեկավարի պարագայում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հայաստանի համար ոչինչ չի փոխվի, քանի որ Թուրքիայի նախապայմանները նույնն են։ 1991թ. երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիայի իշխանությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը, սակայն Հայաստանի առջև դրեցին իրենց գլխավոր նախապայմանը, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որին պետք է հետևեր Հայաստանի հետ դիվանագիտական, տնտեսական հարաբերությունների հաստատումը»։ 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, թուրքագետ բացառեց, որ Թուրքիան երբևէ կճանաչի դա. «Թուրքիայի համաշխարհային կշիռն այնպիսին է, որ անկախ նրանից, թե ով ճնշում կբանեցնի Թուրքիայի վրա, նա չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։  

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ին՝ Մուշեղ Խուդավերդյանը տեսակետ հայտնեց, որ դա քննարկելի նախապայման է: «Թուրքիայի նախապայմանների իմաստն այն է, որ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը չլինի, այսինքն՝ բաց սահմաններ, անվտանգության խնդիր այլևս չկա, կողմերն ունեն փոխվստահություն միմյանց նկատմամբ, և այդ պարագայում Հայաստանում գտնվող ռուսական զորքերի իմաստը դադարում է լինել որպես իրական»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Նարա Մարտիրոսյան