Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես իմ խոսքում հղում եմ արել բացառապես Պավել Անդերսոնին․ Արուսյակ Ջուլհակյանը՝ դատարանի՝ իր հայտարարության վերաբերյալ վճռի մասին․ Տեսանյութ

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գեւորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները եւ վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում»։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում մեկնաբանություն է տվել Արուսյակ Ջուլհակյանը։

«Առաջին բանը, որ պատրաստվում եմ անել առաջիկայում՝ այդ վճռի բողոքարկումն է վերաքննիչ դատարան, բնականաբար համաձայն չեմ այդ վճռի հետ։ Ավելի մանրամասն հույս ունեմ, որ  դեռ առիթ կունենամ խոսելու և իմ բողոքում արդեն կնշեմ, թե կոնկրետ վճռի որ կետերի հետ ունեմ խորը անհամաձայնություն և չեմ պատրաստվում հերքում տարածել իմ հայտարարությունների վերաբերյալ որոնք արել եմ»,-ասաց Արուսյակ Ջուլհակյանը։ 

Նա նշեց, որ իր խոսքում հղում է արել մի ամբողջ  հարցազրույցից, որը տպագրվել է  2012 թվականին Հետք պարբերականում։

Պատգամավորի խոսքով՝ դա վերաբերում է Հյուսիսային պողոտայի երբեմնի կառուցապատողի՝ Պավել Անդերսոնի՝ Հետք պարբերականին տված բավականին ծավալուն հարցազրույցին, և հենց Պավել Անդերսոնի խոսքերին է հղում կատարել։

«Այս հարցազրույցում է, որ Պավել Անդերսոնը բավականին մանրակրկիտ նշում է, թե կոնկրետ որ պաշտոնյանին ինչ գումարի չափով կաշառք տալու միջոցով  է վաստակել Հյուսիսային պողոտայում բավականին շահութաբեր կառուցապատում անելու իրավունքը։ Դրանք եղել են պարոն Անդերսոնի խոսքերը և ես իմ խոսքում հղում եմ արել բացառապես Պավել Անդերսոնին։ Եվ ինձ համար անհասկանալի է դատարանի դիրքորոշումը, որովհետև այն դեպքում, երբ անձը հղում է անում մեկ այլ անձի խոսքերին, այդ դեպքում ինքը չի կարող պատասխանատվության ենթարկվել»,-ասաց Արուսյակ Ջուլհակյանը։