Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի հայտարարությունները, իմ կանխատեսմամբ, վերածվելու են հիբրիդային հարվածների՝ Լարսը փակելու, գազը անջատելու կամ թանկացնելու տեսքով, բնակչությանը պետք է սրան նախապատրաստել. փորձագետ

ՌԴ-ի հայտարարությունները, իմ կանխատեսմամբ,  վերածվելու են հիբրիդային հարվածների՝ Լարսը փակելու, գազը անջատելու կամ թանկացնելու տեսքով, բնակչությանը պետք է սրան նախապատրաստել. փորձագետ
Քաղաքականություն
18:42, 14 февраль 2023
«Ինձ համար ակնհայտ է, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արած հայտարարությունը ՀՀ-ին ուղղված սպառնալիք է»։  Civic.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ, «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ հակադրվելով նրանց, ովքեր կարծում են, թե ռուս պաշտոնյայի  խոսքերի  իրական հասցեատերն Ադրբեջանն է։  Քոչինյանը միաժամանակ հավելեց, որ  Վոլոդինի հայտարարությունը (նա մասնավորապես նշել էր. «Եվրոպական կառույցների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող է բացասական հետևանքներ ունենալ»-խմբ.) պետք է դիտարկել նախորդիվ՝ ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից արված  հայտարարությունների տրամաբանության համատեքստում։  

«Վոլոդինի այս խոսքերը օդից հայտնված խոսքեր չեն, դրանք նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն են։ Ջայլամի պահվածքի է  նմանվում տպավորություն ստեղծելու փորձը, թե  այդ հայտարարությունն ուղղված էր մեկ այլ հասցեատիրոջ։ Իհարկե, մեզ էր ուղղված, և դա հստակ քաղաքականության արտահայտության դրսևորում է։  Վոլոդինից  առաջ, հիշենք, եղել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը՝ կապված իրենց առաջարկի՝ ավելի լավը լինելու հետ»,- նկատեց Քոչինյանը։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ՝ Պուտինը  նշել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի պատրաստվում Երևանին որևէ բան պարտադրել՝ որոշման տարբերակի ընտրությունը հայ ժողովրդի և ղեկավարության գործն է»։

«Այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը»,- նշել էր Պուտինը։  

Ըստ Քոչինյանի. «ՌԴ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել՝ կապված Արցախի ժողովրդի անվտանգության  հետ, որոնք, սակայն,  չի կատարում, և դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած իր պատասխանատվության գոտում գտնված  տարածքներում՝ Խծաբերդ, Փառուխ, Քարագլուխ,  ադրբեջանական ուժերի ներխուժումից  մինչև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակ։ Եվ բացի դրանից՝ ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ ունի որոշակի պարտավորություններ երկկողմ իրավապայմանագրային բազայի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնք նույնպես չի կատարում։ Եվ այս ամենը ստեղծում է անվտանգային վակուում, որը ՀՀ-ն փորձում է լրացնել։  ՀՀ-ի հենց այս՝ անվտանգային վակուումը լրացնելու փորձերը ՌԴ-ում ընկալում են որպես «դավաճանություն», «պատերազմ ՌԴ-ի դեմ», և արդյունքում ստանում ենք ահա այսպիսի հայտարարություններ։ Սակայն ես կանխատեսում եմ, որ այս հայտարարությունները վերածվելու են հիբրիդային հարվածների, և դրանց է պետք նախապատրաստվել՝ նախապատրաստել մեր բնակչությանը»։  Իսկ ի՞նչ տեսք են ունենալու ենթադրյալ հիբրիդային  հարվածները։  «Լարսը փակելու, ՀՀ-ին մատակարարվող գազը փակելու կամ թանկացնելու տեսքով են դրսևորվելու»,- արձագանքեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Այդ հարվածները, հաշվի առնելով ՀՀ-ի կախվածության մակարդակը ՌԴ-ից, կարող են շա՜տ տարբեր տեսք ունենալ։ Հիմա մեր խնդիրը հետևյալն է՝ առաջին՝  հասկանալ՝ արդյոք  ՀՀ-ն ուզո՞ւմ է, պատրա՞ստ է և գնալո՞ւ է իր անվտանգային ճարտարապետության փոփոխությունների ուղղությամբ։  Միայն այդ պարագայում իմաստ ունի այս խոսակցությունը բացել  և հակադրվածության տրամաբանության մեջ մտնել ՌԴ-ի հետ,  թե՞ ինչ-որ կետից ՀՀ-ն զիջելու է։ Եթե զիջելու է, ուրեմն ի սկզբանե  իմաստ չունի  այս ամենը նախաձեռնել։ Եթե գնալու ենք մինչև վերջ, ուրեմն շատ լուրջ «տնային աշխատանք» պետք է կատարվի՝ տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական կախվածության մակարդակի իջեցման տեսքով»։ 

Մեր զրուցակիցը միաժամանակ նշեց, թե «տնային աշխատանքը»  պետք է նախապես արված լիներ, ապա նոր նման գործընթաց սկսվեր։

«Սակայն «տնային աշխատանք» անելը երբեք ուշ չէ։ Եթե ես այսօր տեսնեմ, որ հստակ աշխատանք է արվում այդ ուղղությամբ, ես միանշանակ կողջունեմ այդ աշխատանքը։   Բայց չանել և գնալ նման սրացումների,  նշանակում է մեկ բան՝ նախապատրաստել երկիրը ցնցումների, հայտնվել այդ ցնցումներում և նորից ընտրել ռուսական ուղին։ Այսինքն՝ անիմաստ արկածախնդրության տանել երկիրը»։ 

Նկատեցինք, որ ՌԴ-ն շատ բուռն և կոշտ արձագանքեց  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին,  ՀՀ-ում գործող որոշ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներ էլ, օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր որոշ պատգամավորներ, շտապեցին այդ առաքելությունը որակել որպես «ՀՀ-ի արտաքին վեկտորի փոփոխության նախերգանք»։  Արդյոք  Վոլոդինի հայտարարությունը պե՞տք է դիտարկել  ԵՄ առաքելությանը դեմ լինելու  կոնտեքստում։  «Հիմարություն է նման բան պնդելը, դա արտաքին վեկտորի փոփոխություն չէ։ Բայց հարցն ուրիշ բանում է. ԵՄ առաքելությունը ՀՀ-ի գոյություն ունեցող անվտանգային ճարտարապետության մեջ օտարածին էլեմենտ է։ Ես շատ ողջունում եմ  եվրոպացի փորձագետների ժամանումը և շատ դրական քայլ եմ դա համարում, սակայն չի կարելի այս դեպքում էլ  իրականության հետ չառերեսվել։  Այո՛, դա օտարածին էլեմենտ է, և անխուսափելիորեն լինելու է որոշակի լարում, նույնիսկ որոշակի խնդիրներ  այդ՝  գոյություն ունեցող ճարտարապետության՝ ՌԴ, ՀԱՊԿ և ԵՄ գործիքի միջև։ Պետք է հստակեցնել այդ դեպքում՝ մենք ուզում ենք ունենալ ԵՄ հիշյալ գործիքն ու այն ամենը, ինչ հնարավոր է, որ այդ գործիքի շարունակությամբ  գա՞, թե՞ նախընտրում ենք ռուսական անվտանգային ճարտարապետության համակարգը։ Համատեղել  այդ երկուսը այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների  պայմաններում հնարավոր չէ։ Եվ համատեղելու փորձը մեզ համար շատ բացասական հետևանքներ է ունենալու»։  

Մեր առարկությանը՝ կոռե՞կտ է օտարածին անվանել ԵՄ դիտորդներին այն պարագայում, երբ ՀՀ-ն ԵԽ անդամ է, ԵՄ-ի հետ ունի Եվրոպական  իրավապայմանագրային համագործակցություն՝ Քոչինյանն արձագանքեց. «Կրկնում եմ՝ գոյություն ունի ՀՀ անվտանգային ճարտարապետության համակարգ։ Էդ համակարգը կառուցված է հետևյալ էլեմենտների շուրջ՝ ՀՀ-ՌԴ դաշնակցություն, ՀԱՊԿ, միացյալ զորքեր  և այլն։ Հիմա այս ամենը չի աշխատում և պետք է փոխվի,  բայց քանի մենք էստեղ ենք, էդ ամենի մեջ ենք, եվրոպական դիտորդները չեն ներդաշնակվում, չեն «բռնում» այդ ամենի հետ։ Եվ, այո՛, օտարածին են  գոյություն ունեցող ճարտարապետության համատեքստում»։ Ըստ փորձագետի՝  «պահը հասունացել է շատ վաղուց, և մենք պետք է ասենք՝  սա՞ ենք ուզում, թե՞ նա»։ Ամբողջ տրագեդիան, ըստ նրա,  հասունացել է այն պատճառով, որ ՀՀ էլիտան երբևիցե ի վիճակի չի եղել նման պահերի ճիշտ ընտրություն կատարել։ «Ինձ համար ամենավախենալուն հենց սա է։ Եվ տպավորություն է, որ դեպքերի զարգացումը թողնելու ենք ինքնահոսի և ոչ մի բան էլ չընտրենք»,- եզրափակեց  civic.am-ի զրուցակիցը։  
 

Հեղինե Մանուկյան