Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ Վոլոդինի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին․ Ադրբեջանն է փորձում Ռուսաստանից խաղաղապահների մանդատի շարունակության բարձր գին կորզել, իսկ եթե ստացվի, նրան դուրս բերել Արցախից. Հակոբ Բադալյան

Կարծում եմ՝ Վոլոդինի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին․ Ադրբեջանն է փորձում Ռուսաստանից խաղաղապահների մանդատի շարունակության բարձր գին կորզել, իսկ եթե ստացվի, նրան դուրս բերել Արցախից. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
17:12, 14 февраль 2023
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ իր կարծիքով՝ եվրոպական կառույցների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող է բացասական հետևանքներ ունենալ։  

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասաց, որ Վոլոդինի այդ հայտարարությունը և այդ շեշտադրումները, բնականաբար, պայմանավորված են այն ազդեցության համար մրցակցությամբ, որ Ռուսաստանն ունի Արևմուտքի հետ ոչ միայն Կովկասում, այլև լայն իմաստով, և այսօր տեսնում ենք այդ մրցակցության պատերազմական դրսևորումները, և բնականաբար, մի կողմը մյուսի ներգրավվածությունը դիտարկելով իր համար մարտահրավեր՝ գնահատում է բացասական։  

Վոլոդինն իր հայտարարության մեջ նաև նախազգուշացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցների ներգրավման փորձերի մասին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի, և հիշեցրել, թե «ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում»։ Ըստ նրա՝ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի վրա։

Մեկնաբանելով Վոլոդինի այս մեջբերումը՝ քաղաքագետն ասաց, որ դա  իհարկե վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, և այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ հարթակում կամ ինչ ամբիոնում է դա հնչել. այդ հայտարարությունը հնչել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։   

«Ես կարծում եմ, որ այդ հայտարարության հասցեատերը Ադրբեջանն է, որովհետև Ադրբեջանն է, որ ստեղծում է իրավիճակ, որը բացում է Եվրոպայի կամ  այլ դերակատարների ներգրավվածության հնարավորություն։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական  հակամարտությանը կամ Արցախի խնդրին։ Ադրբեջանն է, օրինակ, մերժել Ռուսաստանի հայտնի նախաձեռնությունը, որի մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ Հայաստանն անմիջապես տվել է դրան իր համաձայնությունը։ Խոսքը  խաղաղության պայմանագրի այն տարբերակի մասին է, որտեղ նշվում  է, որ կողմերն արձանագրում են, կամ Ռուսաստանը փորձում է հասնել այդ արձանագրմանը, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ ապագայի։ Հասկանալի է, թե ինչն է այստեղ Ռուսաստանի մոտիվը, և եթե հարցը լուծվում է, Ռուսաստանը կորցնում է իր ռազմական ներկայության մանդատը»,- ասաց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է Վոլոդինի այն հայտարարությանը, թե նրանք, ովքեր հայտարարություններ են անում ի նպաստ եվրոպական կառույցների, հնարավոր է՝ կորցնեն երկիրը, քաղաքագետն ասաց, որ իհարկե այս կարգի հայտարարությունները հռետորաբանական նշանակություն ունեն, և կրկին կարծում է, որ այս հայտարարության հասցեատերը Ադրբեջանն է։ 

Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվայի համար էլ պարզ է, որ Ադրբեջանն է փորձում հարցը դուրս բերել Ռուսաստանի մոդերատորությունից, որովհետև ռազմավարական հեռանկարի իմաստով այն մոտեցումները, որ ունի Ռուսաստանը, չեն համապատասխանել Ադրբեջանի մոտեցումներին, բայց  կարծում է, որ այստեղ Բաքուն, այդուհանդերձ, խնդիր չի դրել Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել պրոցեսից,  իսկ Բաքուն այսօր այդքան էլ հակված չէ վերջնական որևէ կարգավորման՝ նաև շատ լավ պատկերացնելով, որ Ռուսաստանն ի վերջո թույլ չի տալու այդ միջոցով իրեն դուրս մղել ռեգիոնից և փորձելու է բավականին կոշտ դիմադրել դրան։  

«Ես կարծում եմ, որ նվազագույնը, որ փորձում է լուծել Ադրբեջանը, Ռուսաստանից մանդատի շարունակության հնարավորինս բարձր գին կորզելն է, իսկ առավելագույնը՝ եթե ստացվի, Ռուսաստանին դուրս բերել Արցախից և դուրս բերել ռուս խաղաղապահներին, դրա փոխարեն միջազգային ինչ-որ մեխանիզմներով ամրագրել, որ Արցախն իր ներքին  խնդիրն է»,- ասաց Հակոբ Բադալյանը։ 

Խոսելով նաև ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մասին՝ քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը բնականաբար ցանկացած մրցակցություն Կովկասում սուր է ընդունելու, և մենք գիտենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բավականին կոշտ հայտարարություն էր արել դիտորդների մեխանիզմների առնչությամբ։ 

Քաղաքագետը կարծում է, որ այստեղ էլ իրավիճակը միագիծ չէ, և ռազմավարական առումով, բնականաբար, մտահոգված լինելով որևէ  մրցակցային բալանսի բերելու խախտում թույլ չտալու հարցում՝ Ռուսաստանն այդուհանդերձ տակտիկական առումով դեմ չի լինի, եթե այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը որոշակիորեն նպաստի իրավիճակի կայունության կառավարելիության բարձրացմանը, որովհետև Ռուսաստանի համար ապակայունացումը Կովկասում ներկայումս  բավականին անցանկալի հեռանկար է՝ մի շարք պատճառներով, որոնց անունը ընդհանուր կարող ենք դնել Ուկրաինա, և այդ տեսանկյունից տակտիկական իմաստով ռուսները դեմ չեն լինի, եթե այդ դիտորդությունը նպաստի  կայունության բարձրացմանը։  

«Ռազմավարական հեռանկարի իմաստով Ռուսաստանի վերաբերմունքն արդեն կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ՝ այն հանգամանքից, թե ԵՄ քաղաքականությունն ինչպիսի տրամաբանությամբ կզարգանա Կովկասում, այդ տրամաբանությունը կլինի, օրինակ, Ֆրանսիայի՞ պատկերացումների շրջանակում, որը եվրոպական անվտանգության իր տեսլականում ճանաչում է Ռուսաստանի դերը, և Մակրոնն այդ մասին բազմիցս հայտարարություններ է անում, թե՞, օրինակ, եվրոպական քաղաքականությունը կզարգանա ոչ ԵՄ անդամ, բայց ԵՄ-ում էական ազդեցություն ունեցող և այդ ազդեցությունն ուկրաինական պատերազմի շնորհիվ մեծացնող բրիտանական ռազմավարությամբ, որի թիրախում բնականաբար Ռուսաստանն է և Ռուսաստանի չեզոքացումն իր ազդեցության գոտիներից, այդ թվում՝ Կովկասից։ Ռուսաստանի արդեն ռազմավարական վերաբերմունքը, կարծում եմ, կախված է այս հանգամանքներից»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Լիլիթ Թադևոսյան