Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահա այսպիսի համագործակցություն՝ Ադրբեջանը հարձակվում է ճակատից, հայաստանյան ընդդիմությունը՝ թիկունքից

Ահա այսպիսի համագործակցություն՝ Ադրբեջանը հարձակվում է ճակատից, հայաստանյան ընդդիմությունը՝ թիկունքից
Քաղաքականություն / Հայաստան
20:46, 21 май 2021
Վերջին օրերին Հայաստանը կրկին ալեկոծվում էր ինֆորմացիոն տեռորի հերթական հարվածներից։ Ադրբեջանական իշխանությունների հայաստանյան գործակալները, նախ տարածեցին հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ միջադեպի կիսատ տեսագրությունը, որտեղ մեր զինվորները ներկայացվում էին ոչ այնքան շահեկան վիճակով։ Մեկ օր անց պարզվեց, որ մեր զինվորները իսկական դաս են տվել ադրբեջանցիներին և վռնդել մեր տարածքներից։ Սակայն, Հայաստանի ընդդիմադիր դաշտի ադրբեջանական գործակալները նպատակ ունեին միայն ներկայացնելու հայ զինվորներին նվաստացնող տեսարաններ, մարդկանց մեջ առաջացնել զայրույթ, ժողովրդին խեղճացնել և նետել անզորության ճահիճը։ Իսկ ո՞ւմ, եթե ոչ առաջին հերթին թշնամուն է հարկավոր, որ հայ զինվորն իրեն զգա նվաստացած, հայ ժողովուրդը իրեն զգա անպաշտպան և խեղճացած։ Փաստորեն, թշնամին և հայ ընդդիմադիրները խաղում են նույն խաղը։ Այստեղ արդեն ակնհայտ է դառնում, թե ով էր փոխանցել հայաստանյան ընդդիմությանը առաջին օրվա տեսանյութը։ 

Այնուհետև խոհանոցային դեգերումների մեջ գտնվող վտարանդի փեսան հրապարակեց մի «սենսացիոն» փաստաթուղթ, իբր, իշխանությունների դավաճանության մասին և զարմանալիորեն սևով փակեց հենց այն հատվածը, որը, ըստ իր սև երևակայության, մատնանշում է ենթադրյալ դավաճանության մասին։ Նպատակը մեկն էր՝ առաջացնել ինտրիգ, մարդկանց ենթարկել հերթական ինֆորմացիոն տեռորի, զայրացնել և ընկճել հասարակությանը, և այդ ամենը՝ սեփական ճղճիմ քաղաքական շահերի համար։

Ու կրկին, ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու, որ հայ ժողովուրդը զայրանա, խեղճանա և իրեն զգա անօգնական․ իհարկե թշնամուն։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը կարող էր հանգիստ փոխանցել աշխատանքային փաստաթուղթը նրան, ով պատրաստ է իր վրա վերցնել սեփական ժողովրդին ադրբեջանական տեռորի ենթարկելու «պատիվը»։ 

Քաղաքական անպատվության և մարդկային բարոյազրկության այն շքահանդեսը, որն այսօր տիրում է Հայաստանի ընդդիմադիր դաշտում, տագնապի ազդանշան է հայ ժողովրդի համար։ Ադրբեջանն այսօր ոչ միայն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ խախտել է հայ ժողովրդի բարոյահոգեբանական ամբողջականությունը։ Եթե ադրբեջանցիները զինված ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներ, ապա հայ ընդդիմադիրները, ադրբեջանական ստերով զինված, ներխուժել են մեր ժողովրդի մտքերն ու հոգիները։ Եթե ադրբեջանցիները կարող են հայ զինվորին կրակել իրենց զենքերից, ապա հայ ընդդիմադիրները հայ զինվորին և ժողովրդին կրակում են ադրբեջանական ստերով։ Ահա այսպիսի համագործակցություն՝ Ադրբեջանը հարձակվում է ճակատից, հայաստանյան ընդդիմությունը հարձակվում է թիկունքից։ Նպատակը՝ թուլացնել, բարոյազրկել և խեղճացնել հայ ժողովրդին, հաղթել առանց մեկ կրակոցի։ 

Իսկ ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը պետք է համախմբվի և չեզոքացնի ինչպես ադրբեջանական զինված սպառնալիքը, այնպես էլ Հայաստանում Ադրբեջանի քարոզչական սպառնալիքները։ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են խաղաղություն ապահովել սահմանին, Հայաստանի ընդդիմությունը ամեն կերպ ցանկանում է պատերազմ հրահրել։ Իսկ ո՞ւմ արյան հաշվին է ընդդիմությունը սադրում պատերազմ․ պատասխանն ակնհայտ է։ 
  
Համլետ Կարապետյան