Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց՝ դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը․ Դանիել Իոաննիսյան

Եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց՝ դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
14:59, 21 июнь 2023
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Եթե հրաժարվում ես բանակցելուց՝ պատրաստվիր պատերազմին. Ուրբաթ օրը Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, ըստ էության, ասում է, որ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չվերականգնվի կամ Ադրբեջանը «պուպուշ» չդառնա, Ստեփանակերտը Բաքվի հետ չի բանակցի:

Եթե հաշվի առնենք, որ Փոքր Մհերը Ագռավաքարից ավելի շուտ դուրս կգա, քան Մինսկի խումբը կվերականգնվի կամ Ադրբեջանը կսիրի հայերին, ապա Արցախի ԱԳՆ-ի՝ հունիսի 16-ի հայտարարությունը այն մասին է, որ Արցախը հրաժարվում է տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ բանակցելուց:

Ինչ խոսք, շատ հեշտ է ասել «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»: Բա հետո՞: Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց, դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը:

Ի վերջո, եթե չկա բանակցություն և չկա խաղաղություն պարտադրող ուժ կամ մեխանիզմ, պատերազմը, այս կոնտեքստում, անխուսափելի է:

Հասկանալի է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը բացահայտ դեմ են Մոսկվայում (իրենք դա չեն էլ թաքցնում): Բայց արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի:

Ինչ խոսք, Ստեփանակերտի՝ Բաքվի հետ բանակցելու ցանկությունը դեռ չէր նշանակում, որ Ադրբեջանը Արցախի հետ ողջամիտ պայմանավորվածության կգա ու հայերին հանգիստ կթողնի: Բայց բանակցելուց հրաժարվելը համարյա միարժեքորեն նշանակում է, որ ամեն ինչ գնալու է վատթարագույն սցենարով:

Եվ ահա տեսնում եք, որ երեկ, այսինքն փաստացի չբանակցելու մասին հայտարարությունից 4 օր անց, Արցախում արդեն սկսվեց մոբիլիզացիա (մարդկանց սկսել են ծանուցագրեր գնալ):

Դե ինչ ասեմ: Եթե Փոքր Մհերի պես ասում են, որ մինչև աշխարհը չբարիանա՝ չեն բանակցելու, պետք է պատրաստվեն պատերազմի, քանի որ Ադրբեջանը դժվար թե համբերատար սպասի «աշխարհի բարիանալուն»»: