Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահներին ասացինք՝ եթե չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները, ապա դուրս եկեք. Մանրամասներ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի հետ արցախցիների հանդիպումից

Խաղաղապահներին ասացինք՝ եթե չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները, ապա դուրս եկեք. Մանրամասներ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի հետ արցախցիների հանդիպումից
Քաղաքականություն
14:02, 07 июль 2023
Civic.am-ը երեկ հայտնել էր, որ  արցախցիները երեկ  հանդիպել են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար  Ա. Լենցովի հետ։ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ  Դավիթ Վանյանի հաղորդմամբ՝  ավելի քան երկուսուկես ժամ տևած փակ հանդիպման ժամանակ արցախցիները ներկայացրել են իրենց պահանջները, մասնավորապես, թե ինչու խաղաղապահները լիարժեք չեն կատարում իրենց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած  պարտականությունները, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխաններ չեն ստացել։ Ի պատասխան՝ հրամանատարությունն ասել է, թե իրենց էլ պետք է հասկանալ, իրենք էլ ունեն վերադաս, և ինչ հրահանգ որ ստանում են, դա էլ կատարում են։ Արցախցիները խոսակցության ժամանակ նշել են, որ  իրենք ոչ թե ատելություն են ներշնչում ռուս ազգի և խաղաղապահների նկատմամբ, այլ  ուզում են հստակ պատասխան, թե ինչո՞ւ են խաղաղապահները թերանում իրենց պարտականություններում, գուցե ինչ-որ բանով իրենք՝ արցախցիները կարողանան, Վանյանի ձևակերպմամբ, «քյոմագ անել»՝ աջակցել։ Եթե կա կարիք, ապա պատրաստ են։ Այս հարցի պատասխանն էլ է արժանացել նույն ձևակերպմանը՝ մենք ինքնագլուխ քայլեր չենք կարող անել, կատարում ենք վերադասի հրահանգները։  

«Ասվել է նաև, որ ձեր խնդրի մասին մեր վերադասը տեղյակ է, դրանով հիմա զբաղվում են, որոշ ժամանակ եկեք սպասենք, հավանաբար  կլինի հայտարարություն, և հույս ունենք, որ ինչ-որ արդյունքի կհասնենք։ Շատ այլ մանրամասների մասին ենք խոսել և նաև անկեղծորեն ասել՝ եթե չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները, ապա դուրս եկեք, ինչո՞ւ չեք ասում այդ մասին»,- պատմում է Վանյանը։  Լենցովն էլ, ի պատասխան, ասել է, թե իրենք իրենց պարտականությունները կատարում են։ Իսկ երբ արցախցիները օրինակներ են բերել, թե՝ այս-այս  դեպքերում չեք կատարել, խաղաղապահների հրամանատարությունն արձագանքել է՝ ձեր իշխանություններից պահանջեք, որ ձեր հարցերը լուծեն։ «Մենք էլ պատասխանել ենք՝  մեզ Արցախ վերադառնալու և մեր ընտանիքների հետ անվտանգ ապրելու երաշխիք տվել են ոչ թե մեր կամ  ՀՀ իշխանությունները, այլ՝ ՌԴ նախագահը, որը,   փաստորեն, չի  կատարում իր խոստումը։ Մի կարևոր հանգամանք էլ՝ մեզ ասացին, թե երբ իրենք  Արցախի ԱԺ-ի հետ են բանակցում, այդքան խնդրի առաջ չեն կանգնում, որքան մեզ հետ։ Մենք էլ ասացինք՝ պատճառն այն է, որ դուք ինչ ասում եք, ձեր ասածի հետ ԱԺ-ն  համաձայնում է։  Մենք էլ պաշտպանում ենք մեր շահերը և հօգուտ մեզ ենք խոսում։ Խաղաղապահներն էլ մնացին զարմացած, որ կան այսպիսի մարդիկ, որ կարող են գալ ու իրենց հարցերը այսպես ձևակերպել և առաջադրել»,-մասնավորապես նշում է Լենցովի հետ հանդիպած արցախցին։  

Արցախցիները այս հանդիպումից հետո եկել են եզրակացության, որ պետք է սպասել ևս մի քանի օր, մինչև Արցախի նախագահի կողմից ՌԴ նախագահին հղված նամակին ի պատասխան  ՌԴ-ն անի համապատասխան գործողություններ։ Եվ կախված այդ քայլերից էլ՝ կլինեն իրենց հետագա անելիքները։  

Ակնհայտ է, որ խաղաղապահների բոլոր գործողությունները, շատ դեպքերում՝ անգործությունը, թելադրված են վերևից՝ Կրեմլից։  
  
Ե. Ա.