Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ Թուրքիան Ուկրաինային վերադարձրեց «Ազովի» հրամանատարներին. ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան Թուրքիա-ՌԴ հարաբերություններում

Ինչո՞ւ Թուրքիան Ուկրաինային վերադարձրեց «Ազովի» հրամանատարներին. ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան Թուրքիա-ՌԴ հարաբերություններում
Քաղաքականություն
12:49, 10 июль 2023
Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» գումարտակի ղեկավարներին, որոնք գտնվում էին Թուրքիայում, թուրքական կողմը հանձնել է Ուկրաինային։

Նշենք, որ «Ազովցիները» Մարիուպոլում էին ռուսների կողմից գերեվարվել, ապա, Թուրքիայի միջնորդությամբ,   փոխանակվել գերի ընկած ռուս զինվորների հետ։ Ըստ պայմանավորվածության՝ նրանք պետք է մինչև պատերազմի ավարտը մնային Թուրքիայում և չվերադառնային Ուկրաինա։

Արձագանքելով զինյալների՝ Ուկրաինա վերադարձնելուն, ՌԴ նախագահի խոսանակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանին ոչ ոք տեղյակ չի պահել զինյալների՝ Թուրքիայից Ուկրաինա վերադարձի մասին։
««Ազովի» պարագլուխների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանավորվածությունների ուղիղ խախտում։ Ընդ որում, տվյալ դեպքում պայմանավորվածությունները խախտել են ինչպես ուկրաինական կողմը, այնպես էլ թուրքական կողմը»,- ընդգծել է Պեսկովը։

Ինչո՞ւ Թուրքիան խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունը և «Ազովի» գումարտակի ղեկավարներին վերադարձրեց Ուկրաինա։ Լուրեր շրջանառվեցին, որ գործընթացին խառնվել է նաև ՆԱՏՕ-ն, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ առնչություն չունի Թուրքիայի կողմից «Ազովի» ղեկավարների՝ Ուկրաինա վերադարձնելու հետ։ «Մենք որևէ առնչություն չենք ունեցել և չենք կարող արտահայտվել այն հարցի շուրջ, թե ինչի է փորձում դրանով հասնել Էրդողանը»,- ասել էր Սալիվանը։  

Ըստ թուրքագետ Նելլի Մինասյանի՝ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ՆԱՏՕ-ն տեղյակ չի եղել կամ չի միջամտել։ Մինասյանի կարծիքով՝ Թուրքիայի համար շատ կարևոր է հացահատիկային գործարքը, իսկ ռուսական կողմից խոսակցություններ կային, որ այդ գործարքը իրենք կշարունակեն, սակայն ոչ Թուրքիայի տարածքով, և ըստ թուրքագետի՝ Թուրքիայի կողմից այս քայլը կարող է պատասխան լինել Ռուսաստանին։ «Երկրորդը՝ Էրդողանը կրկին սկսեց իր ակտիվ «առևտուրը» բոլոր կողմերի հետ։ Քանի որ առաջիկայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է,  և Թուրքիան այնտեղ ունի կարևոր հարցեր, սա գուցե ինչ-որ տեղ քայլ էր ՆԱՏՕ-ի և հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասաց Նելլի Մինասյանը։ 

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանը։ Ըստ թուրքագետի՝ Ռուսաստանն այնպիսի վիճակում է, որ դժվար թե հիմա որևէ լուրջ պատասխան քայլ անի Թուրքիայի դեմ, չնայած փոքր քայլեր կարելի է սպասել։ Բացի դրանից, Մինասյանը հիշեցրեց, որ Թուրքիան Ուկրաինային զենք է վաճառում, ինչի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարը իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել էր Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելինսկու՝ Թուրքիա կատարած այցից հետո, մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ։ 

Միաժամանակ թուրքագետը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բազմաշերտ են և չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով, հետևաբար սպասել, որ այս մեկ քայլով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են լրջորեն փոխվել՝ թուրքագետը իրատեսական չի համարում։

Նաև խոսակցություններ կային, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ Էրդողան-Պուտին հանդիպում, որի մասին խոսում էր թուրքական կողմը, ինչին ի պատասխան Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություն չկա։

«Այս բոլոր հարցերի պատասխանը, իմ կարծիքով, կստանանք առաջիկայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հանդիպումներով պայմանավորված։ Քննարկվում է Էրդողանի հանդիպումը Բայդենի հետ։ Բայդենը չէր համաձայնում հանդիպել Էրդողանի հետ, սակայն վերջին երկու օրը տեղեկատվություն կա, որ, կարծես, հնարավոր է այդ հանդիպումը։ Այնպես որ, այդ գագաթնաժողովից հետո կպարզվի, թե Թուրքիան ինչ կստանա, և հաջորդ քայլերը նոր կկարողանանք տեսնել։ Եթե Թուրքիան շատ դժգոհ մնա, բնականաբար, կփորձի ռուսների հետ իր «սիրախաղը» շարունակել»,- եզրափակեց Մինասյանը։

Վովա Հակոբյան