Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենակարևոր բանը, որ խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է. Նիկոլ Փաշինյան

Ամենակարևոր բանը, որ խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
23:37, 21 июль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը, որի հարցուպատասխանը ներկայացվում է ստորև.
 
Agence France-Presse Իրակլի Մետրեվելի – Պարոն վարչապետ, հավատու՞մ եք Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես:
 
Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Անձամբ Դուք ի՞նչ կարող եք անել նախագահ Ալիևի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորեք Ղարաբաղում բնակվող հայերի արժանապատվությունը, ի՞նչ բանալիներ Դուք ունեք։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
– Գիտեք, ընդհանուր առմամբ, պայմանները շատ կարևոր են: Եթե մի կողմ գնանք զուտ բանակցային բովանդակությունից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում բանակցային սենյակում, սկզբունքորեն շատ հաճախ կողքի հայացքով եթե անկողմնակալ դիտորդ դիտի, թե ինչ է տեղի ունենում բանակցային սենյակում, կարելի է գնահատել, որ սկզբունքորեն նորմալ է ամեն ինչ, ոնց որ թե արտառոց ոչ մի բան տեղի չունենում: Բայց դրանից հետո պետք է ետ գալ և դիտարկել գործողություններ, հայտարարություններ: Ամենակարևոր բանը, որ իմ կարծիքով խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը,  հայերի և ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, և, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ և ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը:
 
Տեսեք, հիմա ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում: Մենք այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք: Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար:
 
Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա:
 
Agence France-Presse Իրակլի Մետրեվելի
- Որո՞նք են Ձեր կարմիր գծերը այս պրոցեսում։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դրա մասին մի քանի անգամ ասել ենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ  միջավայրում:
 
Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը: