Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ իշխանությունները շարունակո՞ւմ են այն մտքին լինել, որ պետք է ռուս խաղաղապահներին շնորհել ավելի լայն մանդատով, թե՞ ի վերջո եկել է պահը, որ պետք է անվստահություն հայտնեն ռուս խաղաղապահների գործունեությանը ԼՂ տարածքում. քաղաքագետ

ԼՂ իշխանությունները շարունակո՞ւմ են այն մտքին լինել, որ պետք է ռուս խաղաղապահներին շնորհել ավելի լայն մանդատով, թե՞ ի վերջո եկել է պահը, որ պետք է անվստահություն հայտնեն ռուս խաղաղապահների գործունեությանը ԼՂ տարածքում. քաղաքագետ
Քաղաքականություն
17:27, 27 июль 2023
«Եթե անկեղծ, ես ինքս թերահավատորեն եմ մոտենում այդ հարցին, գրեթե համոզված եմ, որ ռուս-ադրբեջանական ցեղասպան խումբը թույլ չի տալու հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ տարածք։ Փոխարենը՝ ես ինքս սպասում եմ ԼՂ իշխանություններից հստակ գնահատական ստեղծված իրավիճակին, արդյոք ԼՂ իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, շարունակո՞ւմ են այն մտքին լինել, որ պետք է ռուս խաղաղապահներին շնորհել ավելի լայն մանդատով, թե՞ ի վերջո եկել է վերջնական պահը, և ԼՂ իշխանությունները պետք է անվստահություն հայտնեն ռուս խաղաղապահների գործունեությանը ԼՂ տարածքում»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե Բրյուսելում համաձայնեցված «Աղդամ-Խանքենդի» ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի բեռների փոխադրման համար, քաղաքագետն ասաց, որ ինքը հաջիևներին և Ալիևի արբանյակ ուժերին չի վստահում։

«Ես վստահում եմ մեր իշխանություններին, կոչ եմ անում ՀՀ ներսում բոլոր քաղաքացիներին հետևել բացառապես տեղական իշխանությունների հայտարարություններին, ոչ թե  թշնամական մամուլին և թշնամական գործիչների հայտարարություններին տուրք տալ։ Սա մանիպուլյացիա է իրականում, որևէ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, այո, քննարկվել է, այո, շոշափվել է այդ հարցը, դա գաղտնիք չէ, եվրոպական մեր գործընկերները ևս իրենց հայտարարություններում դա նշել են, բայց կոնկրետ պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող։ Առաջին հերթին, որովհետև Լաչինը իր կարգավիճակով ունի միջանցքի կարգավիճակ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի հիման վրա, և Աղդամի ճանապարհը չի կարող հավասարվել Լաչինի միջանցքին»,- ասաց քաղաքագետը։  

Ի հավելումն նա նշեց, որ ԼՂ հայ բնակչությունն ամիսներ շարունակ տոտալ բլոկադայի պայմաններում է ապրում և կանգնած է հումանիտար աղետի շեմին, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը կամ ի՞նչ փոխվստահության մասին է խոսքը, ադրբեջանական կողմը պետք է ընդառաջ քայլ անի, առնվազն պետք է ՀՀ-ի ուղարկած բեռները թույլ տա մուտք գործել ԼՂ տարածք, դրանից հետո նոր բանակցությունները կարող են ընթացք ստանալ և արդեն արցախյան իշխանությունների հետ  Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության միջոցով արդեն այդ հարցերը քննարկել։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում ռուս խաղաղապահների գործողություններին, քաղաքագետն ասաց, որ ռուսական կողմի դիրքորոշման լավագույն  և ամենաթարմ ապացույցը Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ժամանակ Լավրովի օգնականի հուշումն էր Լավրովին, որ նախկին ԼՂԻՄ արտահայտությունը կարող է բորբոքել իրենց ադրբեջանցի գործընկերներին: ՌԴ-ն վաղուց հանդիսանում է տարածաշրջանում Ադրբեջանի Հանրապետության արբանյակ պետություն՝ սպասարկելով բացառապես Ադրբեջանի Հանրապետության շահերը, և սպասել ՌԴ-ից որևէ գործուն քայլ՝ ԼՂ հայ բնակչության ստեղծված իրավիճակը մեղմելու ուղղությամբ, միամտություն է, և ԼՂ իշխանություններն էլ զբաղված են սեփական ժողովրդին խաբելով, սեփական ժողովրդին մոլորեցնելով՝ իրենց հայտարարություններով, իրենց առաջարկներով։  

Խոսելով նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին՝ քաղաքագետն ասաց, որ իրականում Արցախի ԱԺ նախագահի հրաժարականը սպասելի էր, որովհետև աշխարհասփյուռ հայությունը կոշտ քննադատության ենթարկեց Արցախի ԱԺ նախագահին՝ իր վերջին հայտարարության համար՝ հազարամյակներով ադրբեջանցիների հետ ապրելու  մասին, ու հրաժարական չտալն այստեղ զարմանալի կլիներ, իսկ թե ումով կփոխարինեն, իր համար կարևորը Արցախի դիրքորոշումն է, Արցախում որպես այդպիսին դիրքորոշում չի տեսնում։ 

«Արցախում ժողովրդի հանդեպ անընդհատ խաբեբայություններ եմ տեսնում, սրիկայություն եմ տեսնում՝ սեփական ժողովրդի նկատմամբ, և սա տեղավորվում է ռուսներին լայն մանդատ շնորհելով, անընդհատ փրկությունը բացառապես ռուս խաղաղապահների մեջ տեսնելով։ ՀՀ-ն իր քայլն արել է»,- նշեց Հարություն Մկրտչյանը։

Այնուհետև նա ասաց, որ Սամվել Բաբայանը Արցախում միակ գործիչն է, ով կողմ է արտահայտվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը, միակ ադեկվատ քաղաքական գործիչն է, ով պատրաստ է հանուն Արցախի և հանուն արցախցու գնալ և երկխոսել, որովհետև կարծում է՝ Սամվել Բաբայանը շատ լավ պատկերացնում է Արցախի այսօրվա իրավիճակը։  

Անդրադառնալով նաև «Հայաքվե» նախաձեռնությանը և մի քանի օր շարունակ Երևանում փողոցներ փակելուն՝ Հարություն Մկրտչյանն ասաց, որ «Հայաքվեն» պատերազմ հրահրող նախաձեռնություն է և բացառապես քաղաքացիների ուսերին այդ ծանրությունը դնող նախաձեռնություն է, իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին Երևանի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին, ապա ՀՀ հատուկ ծառայությունները, ՀՀ-ում գործող ուժային կառույցները կարող են ուսումնասիրել և համոզվել, որ Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին մեծամասամբ մասնակցում էին ԼՂ-ից դուրս եկած և Երևանում բնակություն հաստատած ԼՂ հայ բնակիչները։ 

Լիլիթ Թադևոսյան