Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցանակի պղծումը դիտարկում ենք Արցախի դեմ ադրբեջանական կողմի հոգեբանական գրոհի մի մաս․ ԱՀ նախագահի խոսնակ

Ցուցանակի պղծումը դիտարկում ենք Արցախի դեմ ադրբեջանական կողմի հոգեբանական գրոհի մի մաս․ ԱՀ նախագահի խոսնակ
Միջազգային
16:58, 06 апрель 2021
Wargonzo տելեգրամյան ալիքը գրել է, որ ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել Է Շուշիի մոտ գտնվող ռուս խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկ-հուշարձանի մոտակայք եւ ցուցանակի վրա գրառումներ արել։

Civic.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով կատարվածը, ասաց․ «Դա ավելի շատ Շուշիին է մոտ, քան Ստեփանակերտին, բայց դեպքը տեղի է ունեցել ոչ այսօր։ Մեր իրավասու մարմինները արձանագրել էին ժամանակին եւ տեղյակ պահել ռուս խաղաղապահներին։ Սա մենք դիտարկում ենք Արցախի դեմ ադրբեջանական կողմի հոգեբանական գրոհի մի մաս եւ անհարգալից վերաբերմունք ռուս գործընկերների նկատմամբ»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում Արցախի իշխանությունները, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն, Ավանեսյանը պատասխանեց․ «Ադրբեջանցիների կողմից նման քայլերը վերլուծվում են եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվում Արցախի բնակչության անվտանգությունը ապահովելու համար։ Օրինակ՝ նախատեսվում է, որ Ստեփանակերտից դուրս եկող հիմնական ճանապարհները պետք է լուսավորված լինեն գիշերային ժամերին, ինչը անվտանգություն ապահովելու առումով բավականին էֆեկտիվ կլինի»։

Գեղամ Ադյան