Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սպիտակների՞», թե՞ «սևերի» քաղաքապետն է ուզում դառնալ Հայկ Մարությանը․ Նա որոշել է այս անգամ բախտը փորձել լայն հանրությանն անհայտ քաղաքական կուսակցության ցուցակով

«Սպիտակների՞», թե՞ «սևերի» քաղաքապետն է ուզում դառնալ Հայկ Մարությանը․ Նա որոշել է այս անգամ բախտը փորձել լայն հանրությանն անհայտ քաղաքական կուսակցության ցուցակով
Քաղաքականություն
17:26, 08 август 2023
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքով 2018-ին քաղաքապետ դարձած, քաղաքապետի պաշտոնից 2021-ի վերջին ավագանու որոշմամբ հեռացված Հայկ Մարությանը որոշել է կրկին ստանձնել մայրաքաղաքի կառավարման ղեկը: Civic.am-ին դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ էին հասել, որ նախկին քաղաքապետը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում ունի, քանի որ այժմ գտնվում է իրավապահների ուշադրության տակ, մասնավորապես իր գույքի՝ ոչ ամբողջապես օրինական լինելու կասկածանքով, և ընտրություններին մասնակցությունը թույլ կտա նրան իրավական գործընթացները ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։  

Իսկ մինչ այդ դեռ պետք է մի քանի ճշգրտում անել՝ այս ընտրություններում ո՞ւմ կողմից և ի՞նչ գույնի տակ է «խաղալու» հայ ժողովրդին որպես կատակերգակ հայտնի «Կարգին Հայկոն»՝ «սպիտակների»՞, թե՞ «սևերի»: Հանրությանն ըստ վերոհիշյալ գույների սորտավորելու հեղինակն, ի դեպ, հենց ինքը՝ Երևանի նախկին քաղաքապետն է, որը, հիշեցնենք, 2018-ին՝ Երևանի  ավագանու արտահերթ ընտրությունների շեմին, նախընտրական դրամահավաքի ժամանակ էլ արեց  «սև և սպիտակ ուժերի» մասին իր սկանդալային հայտարարությունը։  Մեջբերենք. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի։ ...Ընտրություններին մասնակցող մեր թիմը ուժեղ է. նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»,- խրոխտ հայտարարել էր Մարությանն ու քաղաքապետ դարձել, փաստորեն,  որպես «սպիտակ ուժ»-ի ներկայացուցիչ։    

Ի դեպ, Հայկ Մարությանն իր առաջադրման մասին հոլովակում, որը, ինչպես երևում է,  նկարահանվել է թեկնածուին հոգեհարազատ միջավայրում՝ բեմահարթակին, բեմական գինեգույն վարագույրի  ֆոնին, իր կերտած պերսոնաժներից մեկի՝ գործը կիսատ-պռատ կատարած  «ուստայի» դեմքով  ու առոգանությամբ  ազդարարում է. «Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Սիրելի երևանցիներ, մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի ու պատահական մարդիկ։ Միակ որոշողը դուք եք, առանց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի որոշելու»։ 

Նախ՝ թիմի մասին. պարզվում է՝ Մարությանը որոշել է այս անգամ էլ քաղաքապետ դառնալու իր բախտը փորձել լայն հանրությանն անհայտ  քաղաքական կուսակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի ցուցակով, որի երկրորդ համարը դերասանի անվանակիցն է՝ այդ կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը, երրորդը՝ 44-օրյա պատերազմից հետո «Իմ քայլը»  խմբակցությունը լքած ու որպես ընդդիմություն հանդես եկող  Իզաբելլա Աբգարյանը։ Այս կուսակցությունը ձևավորվել է 2018-ի ՏԻՄ  ընտրություններից հետո և հասցրել է մասնակցել 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ ստանալով քվեների 0,33 տոկոսը կամ 4121 ձայն։  Կարո՞ղ է արդյոք երևանցին հիշել այս կուսակցությունը ներկայացնող որևէ անձի անուն, մեկին, որը կուսակցության ձևավորումից՝ 2018-ից հետո աչքի է ընկել իր ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Հազիվ թե։ Այնպես որ, Մարությանն առաջադրվելու է անհայտ, եթե չասենք՝ անդեմ ու անդիմագիծ մի քաղաքական ուժի ցուցակով։ Դատելով կուսակցության պաշտոնական կայքի «ծանոթագրությունից»՝ դրա  հիմնադիր անդամները քաղաքացիական ակտիվ պայքարի ճանապարհ են անցել՝ դեռևս 2015թ. «Էլեկտրիկ Երևան» շարժման օրերին ձևավորել են «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, մասնակցել տարբեր շարժումների, աջակցել են «Սասնա Ծռեր»-ի ապստամբությանը։

Եվ, ինչպես կուսակցության կայքում է նշված՝ «Թավշյա հեղափոխության օրերին եղել են այդ շարժման ակտիվ մասնակից»։ «Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո «Մենք ենք տերը մեր երկրի» շարժումը և ԱՄՆ-ում գործող «Հայոց համաժողով» կառույցը նախաձեռնեցին հայաստանյան նոր պայմաններին համապատասխան նոր որակի կուսակցության հիմնադրման գործընթացը»,- ազդարարված է կուսակցության պաշտոնական կայքում։ Ահա այս՝ «նոր որակ»-ի կուսակցության  որակական շոշափելի դրսևորումը, փաստորեն, Մարությանին առաջադրելն է՝ քաղաքապետ դառնալու նրա ամբիցիաները բավարարելու հնարավորություն տալով։ 

Ինչ վերաբերում է «ինչ-որ անհասկանալի և պատահական»  մարդկանց մասին Երևանի նախկին քաղաքապետի վերոհիշյալ դիտարկմանը,  ապա նրա հետ չհամաձայնել պարզապես չենք կարող. Մարությանի առաջադրումը 2018-ին շատերի համար էր անհասկանալի, ընդ որում՝ շոկային լինելու աստիճան անհասկանալի, քանի որ քաղաքային, այն էլ՝ մայրաքաղաքի կառավարումը ենթադրում էր գիտելիքների ու հմտությունների որոշակի բազա, որը «Կարգին Հայկո»-ն վստահաբար չէր կարող ձեռք բերած լինել շոու բիզնեսի ոլորտում իր՝ թող որ վիրտուոզ գործունեության արդյունքում։ Այնպես որ, Հայկ Մարությանի առաջադրումն ու ընտրվելը քաղաքապետի պաշտոնում զուտ պատահականություն էր, երջանիկ պատահականություն։ Չլիներ հեղափոխությունն ու հեղափոխական թիմի ցուցակով առաջադրումը,  Հայկ Մարությանը, ինչպես ժողովուրդն  է ասում՝ ծոծրակը կտեսներ, բայց իրեն քաղաքապետի աթոռին բազմած չէր տեսնի։  

Այդ՝ պատահական մարդը, փաստորեն, որի պաշտոնավարման ողջ շրջանը զերծ չի եղել աղմուկից ու տարատեսակ սկանդալներից, իրեն այժմ համարում է «ոչ պատահական ու հասկանալի մարդ», որը, փաստորեն, հավակնում է կրկին որոշել «երևանցիների  բախտը»։ Սա այն դեպքն է, երբ պետք է հիշեցնել՝ կամենալը դեռ կարենալ չէ։  

Հ.Գ. Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Մարությանը քաղաքապետ դառնալու իր հավակնությունները իրագործելու համար ամիսներ առաջ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը դառնալու ակնկալիքով։ Սակայն Մանե Թանդիլյանի թեկնածությունը հովանավորող Վարդանյանը Մարությանին, մեղմ ասած,  «ներողություն, ցտեսություն» է ասել։ Ի դեպ, Թանդիլյանը վերջերս «Ֆակտոր»-ին տված իր հարցազրույցում չէր հերքել, որ հանդիպումներ, քննարկումներ են ունեցել Հայկ Մարությանի, ինչպես նաև այլ ուժերի հետ։

Պարոն Մարությանի հետ ձեր բանակցության վերջնարդյունքը ո՞րն է եղել՝ հարցին Թանդիլյանը պատասխանել էր խոսքը կտուրը գցելու ոճում. «Դրանք բանակցություններ չեն, քննարկումներ են տեսլականների, մոտեցումների մասով, թե ով ինչ է պատկերացնում  կամ ինչ նպատակներ ունի։ Պարոն Մարությանը հայտարարությամբ հանդես չի եկել, և մենք պետք է սպասենք հայտարարության, եթե կլինի»։

Դուք նրա հետ հետընտրական կոալիցիա պատկերացնո՞ւմ եք՝ հարցին էլ «Ապրելու երկիր»-ի քաղաքապետի թեկնածուն պատասխանել էր. «Նրա հետ մեր պատկերացումները՝ Երևանի զարգացման, համընկնումներ ունեն, բայց ես այս պահին չեմ կարող պատասխանել որևէ հարցի, որովհետև ես չգիտեմ՝ Հայկ Մարությանը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, քանի դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել»։ 

Հեղինե Մանուկյան