Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար
Հայաստան
18:28, 13 сентябрь 2023
Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։

Խաչատրյանը հարցրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։

«Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– նշեց նախարարը։

Սանոսյանը ասաց, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։

«Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախ և առաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին»,- հավելեց Սանոսյանը։

Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։

«Վարչապետի հանձնարարականն ավելի լայն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում ենք։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու»,- եզրափակեց Սանոսյանը։