Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանալ, բայց այս տեղեկությունը դինամիկ է՝ փոփոխական. Վարչապետ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ-ում տիրող իրավիճակին և նշեց. «Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է»:

Վարչապետը նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ. «Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, և սա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք»:

«ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, այսինքն՝ այս պահին ունեցած տեղեկությունը կես ժամից կարող է փոխվել:

Վարչապետն ասաց, որ որոշակի դրական հույսեր կան նաև հումանիտար իրավիճակի վերաբերյալ. «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ»: