Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է ամբողջությամբ վավերացնենք Հռոմի ստատուտը՝ առանց որևէ բացառության. դա բխում է մեր անվտանգությունից և ևս մի գործիքակազմ է, որով պաշտպանված կլինենք. իրավապաշտպաններ

Մենք պետք է ամբողջությամբ վավերացնենք Հռոմի ստատուտը՝ առանց որևէ բացառության. դա բխում է մեր անվտանգությունից և ևս մի գործիքակազմ է, որով պաշտպանված կլինենք. իրավապաշտպաններ
Հայաստան
14:06, 26 сентябрь 2023
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում ներառված է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

Արթուր Սաքունցի խոսքով՝ այդ համաձայնագրի վավերացումով նախատեսվում է, որ մարդկության դեմ հանցագործությունների հիմքով, ինչպիսիք են պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և այլն, Հայաստանը հայց է ներկայացնում Ադրբեջանի, նրան հովանավորող պուտինյան ռեժիմի և Էրդողանի ռեժիմի դեմ՝ ամեն մեկի պատասխանատվությունն իր չափով, և Արցախում իրականացված և իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանության հիմքով, ինչպես նաև Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքով։ 

Խոսելով նաև մերձկրեմլյան ԶԼՄ-ների և գործիչների՝ օրեր առաջ հեռուստատեսային բանավեճում հնչեցրած այն մտքերի մասին, համաձայն որի՝ կոչ են անում Արցախի Զինված ուժերն ուղարկել մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին, իրավապաշտպանն ասաց՝ թե ինչ են ասում Կրեմլի խոսնակները կամ ներկայացուցիչները, դա իրենց պրոբլեմն է, այլ հարց է, թե մենք ինչպես ենք վերաբերվելու այդ խոսույթին։ 

«Միանշանակ է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազության կողմից Վլադիմիր Պուտինի և նրա երեխաների իրավունքների գծով պաշտպանի նկատմամբ տրվել է միջազգային ձերբակալման որոշում, սա է նրանց էությունը, և ինչ էլ խոսեն՝ նրանք իրենց էությամբ հանցավոր գործողություններ են ենթադրում ու նշանակում։ Մենք պետք է անվերապահ և ամբողջությամբ վավերացնենք Հռոմի ստատուտը՝ առանց որևէ բացառության այն կիրառելու նպատակով»,- ասաց Արթուր Սաքունցը։

Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ նշեց, որ «Հռոմի ստատուտը» միջազգային համաձայնագիր է, որ եթե կատարվում է հակաիրավական արարք միջազգային արենայում, ՀՀ-ն միանում է այդ համաձայնագրին, որով պարտավորություն ունի միջազգային ինչ-որ հարցերի դեպքում նույնպես միանալու և դրա դեմ կանխարգելման միջոցներ ձեռնարկելու։ 

«Տեսեք՝ Ադրբեջանն ասում է, որ ինքը որևէ վատ բան չի արել, ապա պետք է որ անհանգստանալու կարիք չունենար։ Այսինքն՝ իրավական առումով դա համարյա բաց փաստաթուղթ է, որ երկրները ընդունում են միջազգային իրավունքի սկզբունքները, բնականաբար ենթադրվում է, որ իրենք պետք է միանան, որպեսզի այդ տարածաշրջաններում ցանկացած արարք դատապարտվի, քննվի, նոր հետո, եթե կա այդ արարքը, իրավական գնահատական տան, միջոցառումներ ձեռնարկվեն։ Հիմա, եթե երկրներ կամ ինչ-որ պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, պարզ է, որ իրենք դեմ կլինեն դրան։ Օրինակ՝ ռուսական շահերի հետ կապված հիմա ելքեր եմ տեսնում։ Եվ այդ առումով, եթե համաձայն չեն, նշանակում է՝ իրենց վարքագծում կա որոշակի արարք, որը բնականաբար դատապարտելի է։ Ես հասկանում եմ՝ հիմա կարող է իրենք ասեն՝ տեսեք, արևմտյան կողմը Ռուսաստանի դեմ է և այլն, բայց եթե դա Ռուսաստանի դեմ է, թող իրենց համապատասխան առարկությունները ներկայացնեն։ Քննություն կա, թող քննությունը կատարվի, գնան մասնակցեն, իրենք էլ իրենց առարկությունը ներկայացնեն»,- ասաց Գևորգ Դավթյանը։

Նա նշեց, որ դա մեզ պետք է, օրհասական է, որը բխում է նաև մեր անվտանգությունից, մեր տարածքային ամբողջականությունից, դա մեզ անհրաժեշտ գործիքակազմ է, ևս մի գործիքակազմ, որով մենք պաշտպանված կլինենք, ու մենք դա պետք է օգտագործենք։

«Մեր ՍԴ-ն իր որոշման մեջ հենց նման պատճառաբանությամբ էլ ասել է, որ որևէ խնդիր չունի մեր Սահմանադրության հետ, հետևաբար համապատասխանում է, և մենք կարող ենք հանգիստ վավերացնել»,- եզրափակեց փաստաբանը։

Լիլիթ Թադևոսյան