Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը լրտեսական ծրագիր է կիրառել Հայաստանում աշխատող 12 անձանց դեմ, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաների. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել

Ադրբեջանը լրտեսական ծրագիր է կիրառել Հայաստանում աշխատող 12 անձանց դեմ, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաների. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել
Հայաստան
13:37, 12 октябрь 2023
Ապացույցներ կան, որ լրտեսական ծրագրերն անօրինական նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից։ Ուստի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում այս երկրների կառավարություններին երեք ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից այդ ծրագրերի օգտագործման վերաբերյալ և հետաքննել չարաշահումների բոլոր դեպքերը։ Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է հոկտեմբերի 11-ին Ստրասբուրգում այս օրերին ընթացող նստաշրջանում։

 Բանաձևում նշված են այն երկրների անունները, որոնք օգտագործել են Pegasus ծրագիրը և նմանատիպ այլ ծրագրեր գաղտնի լրտեսման համար: Դրանք են Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանը, Իսպանիան և Ադրբեջանը։

Ադրբեջանի վերաբերյալ բանաձևում ասվում է, որ Բաքուն օգտագործել է Pegasus-ը, այդ թվում՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։ 

Բացի դրանից, հաստատվում է, որ «վերջին հաղորդագրությունները բացահայտել են դրա օգտագործումը հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Հայաստանում աշխատող 12 անձանց դեմ, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաների»։

Վեհաժողովը հայտարարել է, որ քաղաքական հակառակորդների, պետական պաշտոնատար անձանց, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության գաղտնի լրտեսումը այլ նպատակներով, քան նրանք, որոնք նշված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, Կոնվենցիայի խախտում է: