Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Միջազգային
08:58, 27 январь 2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

2022 թվականին մոնիթորինգի տակ գտնվող անդամ պետությունների առաջընթացի վերաբերյալ բանաձևում Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենավերջին հրատապ ծանուցումը` ուղղված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը կոչ է անում վերահսկել Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ի իր որոշոման կատարումը Լաչինի միջանցքի վերաբերյալ և կոչ է անում անհապաղ և լիարժեք իրականացնել Դատարանի կողմից որոշված միջանկյալ միջոցները:

Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ իրավիճակին։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը և կոչ է անում իշխանություններին ավարտին հասցնել ընտրական դաշտի բարեփոխումը, շարունակել դատական համակարգի բարեփոխումները և ամրապնդել ԶԼՄ-ների ազատությունը։ Վեհաժողովը կշարունակի ուշադիր հետևել ինստիտուցիոնալ հավասարակշռության և ժողովրդավարական մշակույթի հաստատման հետ կապված զարգացումներին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Վեհաժողովը ողջունում էիշխանությունների` քաղաքական երկխոսությանը հավատարիմ լինելու հանձնառությունը, սակայն ցավում է, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը Ադրբեջանում չի բարելավվել, և որ օրենքի գերակայության, բազմակարծության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մի շարք անհանգստություններ պահպանվում են։