Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմանը

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմանը
Հայաստան
16:53, 09 ноябрь 2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների շրջանակում շահառուներին սուբսիդավորում տրամադրելու  անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2023 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում  և  Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 210,284.9 հազ.  դրամ,  Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ 516,503.2 հազ.  դրամ,  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 97,822.5 հազ.  դրամ,  Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 30,020.6 հազ. դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝  22,354.1 հազ. դրամ և  Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ 296,015.2 հազ. դրամ: Բացի այդ,  204,000 հազ. դրամի շրջանակում սուբսիդավորում կտրվի «Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացմանը» միջոցառման շահառուներին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 1 մլրդ 377 մլն դրամ: Մասնավորապես, կիրականացվեն հետևյալ ծրագրերը՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Թումանյան 7/2-1 հասցեում գտնվող բացօթյա ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքներ, Արմավիրի  մարզի Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների, ինքնաթափի և աղբարկղերի ձեռք բերում, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենքի ուժեղացման աշխատանքներ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լմբատ 1-ին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Տավուշի  մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար ունիվերսալ կոմունալ մեքենայի, աղբի մեքենաների և աղբի տարաների ձեռք բերում: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացվող 97,822.5 հազ. դրամ հատկացնելը պայմանավորված է, մասնավորապես՝ 2022 թ. սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում վնասված թվով 4 տների կառուցման աշխատանքների իրականացմամբ, ինչպես նաև Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի գոյություն ունեցող կոյուղագծերի վերակառուցման աշխատանքների իրականացմամբ:
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա և Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման նպատակով՝ նախագծերի  պատրաստում և գնահատում, ինչպես նաև փորձաքննության ծառայությունների ձեռքբերում: Ըստ հիմնավորման՝ մարզային նշանակության այս ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի առանձին հատվածներ անանցանելի են նույնիսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհներն ունեն նաև ռազմավարական կարևոր նշանակություն՝ անցնում են Վարդենիս համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա բնակավայրերով, ինչպես նաև համարվում են Վարդենիս համայնքի բնակավայրերի խոտհարքներ և արոտավայրեր տանող ճանապարհները։