Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանամերձ բնակավայրերում շահառուներին վարկը կտրամադրվի 0 տոկոսով. Արմեն Ղուլարյանը՝ բնակարանների և բնակելի տների վերանորոգման աշխատանքների մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով «Բնակարանների և անհատական տների էներգարադյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության մասին» ծրագիրը հաստատելու մասին հարցը, նշեց. «Սույն նախագծով առաջարկվում է իրականացնել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի, միջոցների տոկոսադրույքները»:

Նրա խոսքով՝ ըստ վիճակագրության, առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր. «Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներին է ուղղվում բնակարանների համար առնվազն 20 տոկոսը, բնակելի տների համար՝ 30 տոկոսը»: 

«Վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանների համար կազմում է ոչ ավելի, քան 7 մլն դրամ, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամ, վարկը տրամադրվում է դրամով՝ 14 տոկոսով, առավելագույնը 7 տարի ժամկետով»,- ասաց Արմեն Ղուլարյանը և հավելեց, որ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում շահառուներին վարկը կտրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծրագիրն ունի կարճ անվանում՝ «Բնակարանների ռենովացիայի ծրագիր». «Հույս ունենք, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր»:

Մանրամասն՝ տեսանյութում: